Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն անդրադարձել է ՍԴ սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմանն ու դրա՝ Անկախության հռչակագրին վերաբերող հատվածին ու գրել.
«Իրականությանը չի համապատասխանում ՍԴ դատավորի այն միտքն ըստ որի՝ «սահմանադրական ճշմարտություն է այն, որ Անկախության հռչակագրի՝ սահմանադրության մեջ չարտացոլված դրույթները չունեն սահմանադրական ակտի ուժ, քանի որ այս գաղափարը 29 տարի ճշգրտորեն պահպանվել է բոլոր պետական մարմինների կողմից և այլ մեկնաբանություն չի եղել»։
ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԳԲ -196 գործով 17.10.2000թ․ որոշման մեջ ուղիղ նշել է.
«ՀՀ Սահմանադրության ընդունման փաստն ամրապնդող ներածության համաձայն, ՀՀ Սահմանադրության հիմքում դրված են նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները: Դրանով իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԸ (․․․) ՀՀ Սահմանադրության ներածությունը վկայակոչելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, Հանրապետության հիմնական օրենքի մակարդակի է բարձրացրել հռչակագրում ամրապնդված դրույթները, այդ թվում 1989թ. դեկտեմբերի 1-ի վերը նշված որոշումը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի (ՎԴ) այս որոշումը կայացվել է ոչ թե «շարքային» գործով, այլ ՀՀ երկրորդ Նախագահի՝ վերջին 10 տարին ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու ընտրական իրավունքի պայմանները վիճարկելու վերաբերյալ գործով։ ՎԴ այս որոշման հիման վրա ՀՀ-ում ընտրվել է Նախագահ, ով տևական ժամանակ ղեկավարել է պետությունը, ձևավորել է պետական ինստիտուտներ, կայացրել է տարաբնույթ որոշումներ, որոնք կատարվել են պետական բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։ Այս տարիների ընթացքում ՀՀ որևէ պետական մարմին, այդ թվում՝ ՍԴ-ն որևէ առիթով կասկածի տակ չի դրել ՎԴ այս դիրքորոշումը և, այս հարցի տեսանկյունից, երկրորդ Նախագահի լեգալությունը։
ԴՈԿՏՐԻՆԱԼ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ։ 29 տարի է հայ իրավագետների և՛ ավագ, և՛ երիտասարդ սերունդների մոտ ձևավորվել է Անկախության հռչակագրի՝ վերաբերելի դրույթների սահմանադրական ուժի (սահմանադրական բլոկի մաս հանդիսանալու) մասին հստակ մոտեցում։
1) Իրավ․ գիտ․ դոկ․, պրոֆ․ Վ․ Նազարյան․
«1995թ. ՀՀ Սահմանադրության ներածությունը, վկայակոչելով Անկախության մասին հռչակագիրը դրանով իսկ Հիմնական օրենքի մակարդակի է բարձրացնում այդ հռչակագրում ամրագրված դրույթները, այդ թվում հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման պահանջը (ՀՀ Սահմանադրություն. Ծանոթագրություններով և մեկնաբանություններով: Եր.: 1995, էջ 5-6)»:
2) Իրավ․ գիտ․ դոկ․, պրոֆ․ Հ․ Խաչատրյան․
«Երբ պրեամբուլան հղում է կատարում պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող հռչակագրին (օրինակ, Անկախության հռչակագրին), ապա պրեամբուլայի այդ դրույթներն ունեն նույն իրավաբանական նշանակությունը, ինչ որ Սահմանադրության հիմնական մասի նորմերը (ՀՀ առաջին Սահմանադրությունը: Եր.։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1997, էջ 29)»:
3) Իրավ․ գիտ․ թեկ․ Մ․ Խաչատրյան․
«ՀՀ վճռաբեկ դատարանը գտավ (Թիվ ՎԳԲ -196 գործով- Ա․Ղ․), որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մաս է, և որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով այն նույնպես ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար, Հռչակագիրը նույնպես գործում է անմիջականորեն (Պարտականություն․ Եր․։ «Իրավունք», 2012, էջ 28)»։
4) ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավոր Ա․ Գյուլումյան․
«Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում Անկախության մասին հռչակագրին (․․․) դրանով իսկ Հռչակագրին տրվել է սահմանադրական կարգավիճակ (ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ: Ընդ. խմբ.` Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. Եր.: «Իրավունք», 2010, էջ 36)»։
5) Իրավ․ գիտ․ թեկ․ Ա. Մանասյան․
«Հռչակագրի իրավական ուժը բխում է Սահմանադրության նախաբանի կողմից վերջինիս տրված փաստացի իրավական դերակատարությունից, որպիսի համատեքստում Հռչակագրում հաստատագրված (․․․) սկզբունքներին և համազգային նպատակներին տրվել է սահմանադրական արժեք (Սահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական: Եր.։ «Հայրապետ»., 2019, էջ 128)»:
6) Իրավ․ գիտ․ թեկ․ Ս․ Թորոսյան․
«Սահմանադրության նախաբանը հղում է անում Անկախության մասին հռչակագրին (․․․) դրանով իսկ Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունը, ըստ էության, դարձել է նաև Սահմանադրության նախաբանի մաս (ՀՀ սահմանդրությունը մեկնաբանություններով․ Առաջին մաս․ «Հայրապետ», 2023, էջ 10)»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը