18 03 2021

Դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր․ Փաստաբանների պալատ

Դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր․ Փաստաբանների պալատ

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ փաստաբանների պալատի փորձագիտական խումբը ներկայացրել է դիրքորոշում, ըստ որի դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի փոփոխությունների նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր: Փորձագիտական խմբի դիրքորոշումը՝ ստորև․

«Նախագծային փաթեթով ի թիվս այլոց նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝

Ա. Առաջարկվում է դատական սանկցիաների մեջ ավելացնել «որոշակի դատավարական իրավունքների սահմանափակումը» սանկցիան և այն կիրառել նաև փաստաբանների նկատմամբ.

Բ. Առաջարկվում է սահմանել բարձրագույն դատական խորհրդի լիազորություն գործը մեկ դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորին փոխանցելու հարցում.

Գ. Առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ դիմումներ ներկայացնելու համար:

ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը անթույլատրելի է և խիստ վտանգավոր, ուղղված է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմանը, իրավական պաշտպանության իրավունքի ոտնահարմանը, անկախ դատական համակարգի վերացմանը և այլ հակասահմանադրական և հակաժողովրդավարական նպատակների իրագործմանը:

Մասնավորապես,

- Բացակայում է նախագծի ընդունման պատշաճ հիմնավորումը: Որպես հիմնավորում է ներկայացված մեկ նախադասություն, որով ըստ էության նշված է, որ Նախագծային փաթեթի նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը ...: Այս մեկ նախադասությունը կրում է խիստ հռչակագրային բնույթ, չի պարունակում որևէ վերլուծություն, որևէ վիճակագրական տվյալ, որևէ երկրի օրինակ և այլն: Անգամ նախագծի հեղինակները չեն նշել, թե մասնավորապես ինչպես կարող են առաջարկվող փոփոխությունները ազդել գործերի դատական քննության արդյունավետության վրա, կամ դրանց չկատարումը որքանով է դարձնում անարդյունավետ գործերի դատական քննությունը:

- Ըստ էության դատարանին հնարավորություն է տրվում սահմանափակել փաստաբանների ելույթ ունենալու, միջնորդություն ներկայացնելու և անգամ ապացույց ներկայացնելու իրավունքը, որպիսի պարագայում փաստաբանը չի ունենալու իրավական օգնություն տրամադրելու օբյեկտիվ հնարավորություն, ինչի արդյունքում նրա մասնակցությունը դատական գործընթացներին կրելու է ձևական բնույթ, իսկ քաղաքացիներն էլ զրկվելու են իրենց սահմանադրական հիմնարար իրավունքից:

- Նշված փոփոխությունը Բարձրագույն դատական խորհրդին վերածում է դատական համակարգի վերադաս՝ 4-րդ ատյանի՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով իշխանությունների տարանջատման և անկախ դատական համակարգ ունենալու և վերջապես արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելքի սահմանադրաիրավական պահանջը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ