Մենք մի խումբ գործընկերներով հայց ենք ներկայացրել վարչական դատարան ՊՆ-ի և Գլխավոր շտաբի դեմ: Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել այս մարմիններին, որ առանց դեմարկացիայի եւ դելիմիտացիայի չզիջեն այդ տարածքները: Դաստարանը մերժել է հայցի ապահովման միջոցի կիրառում: Մենք դա բողոքարկել ենք վարչական վերաքննիչ դատարանում: Հերիք չի պարտվել ենք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության ու արտաքին անվտանգության կորուստ: Ով էր պատկերացնելու, որ Սյունիք գնալից Ադրբեջանի տարածքով ենք անցնելու»,-ասաց նա՝ հավելելով, որ հետագայում շատ դժվար է լինելու դրանք հետ բերելը:
Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ Փաստաբանների պալատը ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների եվ դրանց լուծման ուղիների վերաբերյալ ուղեցույց է հրատարակել:
Ուղեցույցում տեղ են գտել զոհված զինծառայողի ընտանիքի, վիրավորում ստացած զինծառայողների, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների մասին, առողջական խնդիրներ և վնասվածքներ ստացած անձանց, տեղահանված անձանց, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների և հաշմանդամություն ձեռք բերած անձանց, Սյունիքի մարզում հրետակոծություն կրած անձանց և մարտական գործողությունների մասնակիցների վերաբերյալ հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը