Նախորդ տարի Արմավիրում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքով նոր զարգացումներ կան․ այս մաիսն Yerevan.Today-ի տաղավարում ասաց «մեղավորներից» մեկի փաստաբան Գոռ Գևորգյանը:
Պարզվում է՝ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել թունավորվորումից տասնյակ մարդկանց մահվան ու 4 անձանց կուրացման պատճառ դարձած մահաբեր մեթիլային սպիրտի գործով երեք կալանավորվածները՝ Ավետիք Վարդանյանը, Արշակ Արշակյանը և արմավիրցի կոնյակագործ Աշոտ Հովսեփյանը:
Ուշագրավ է, սակայն այն, որ 48 տուժած և երկու տասնյակ մարդկանց մահվան դեպքով մի քանի հարուցված քրգործերի շրջանակներում Քննչական կոմիտեն 5 ամիս է՝ սպիրտի հետագիծը չի գտել: Համենայն դեպս, խորհրդավոր ներկրողի անձը շարունակում է գաղտնի մնալ թե՛ հանրության և թե՛ իրավապահ համակարգի համար:
Ընդգծենք, Հայաստանի սահմանային անցակետերով մեթիլային սպիրտ ներմուծող ընկերություննեըի թիվը ընդամենը 6 է, ընդհանուր առմամբ, 2020 թվականին ներկրվել է 140 տոննայից ավելի թունավոր մեթիլային սպիրտ:
Թե ո՞վ է այդ 6 ընկերություններից իրականում տեխնիկական մեթիլային սպիրտը սննդի մեջ օգտագործման պիտանի հումք համարել և դրել շրջանառության մեջ, ո՞ւմ թույլտվությամբ է այն խմիչքի ու ալկոգելի պատրաստման ենթակա սպիրտ համարվել, մինչ օրս մնում է գաղտնի: Փաստն այն է, որ պետությունն իր ողջ լծակներով չի կարողանում պարզել խորհրդավոր ներկրողի անունը։ Այս՝ ոչ առանձանկի բարդ գործողության մեջ փաստացի ՔԿ-ն անզոր է գտնվել:
Փաստաբանն այստեղ կոռուպցիոն մեծ ռիսկ է տեսնում:
Սակայն Գոռ Գևորգյանն ուշադրությունը սևեռում է նաև մեկ այլ հանգամանքի վրա. Խիստ տարակուսած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լռությունից: Սա առնվազն ազգային անվտանգության խնդիր էր, վարչապետը ուղղակի պարտավոր էր մասսայական թունավորման պատճառ դարձած տեխնիկական սպիրտի ներկրման նպատակը և դրա իրացման հետագիծը պարզել, բայց... նա որոշեց լռել, քան ստել ի շահ ինչ-որ մեկի, ում անունը գուցե համակարգի ներսում լավ գիտեն:
Ի դեպ, վարույթ իրականցնող մարմինն առայժմ չի շտապում Երևանում ու մարզում գրանցված մահվան դեպքերը նույնացնել ու քննել մեկ վարույթով, դեպքերի բոլոր հանգամանքները քննվում են առանձին: Ինչպես ՔԿ-ից հայտնեցին Yerevan.Today-ին «Ալկոհոլային թունավորումից Արմավիրում տուժած 27 անձի (այդ թվում՝ 10 մահվան դեպքով) տուժող է ճանաչվել 27 անձ ու իրավահաջորդներ, իսկ Երևանի 10 բնակչի մահվան դեպքերով հարուցված քր գործերով, ինչպես նաև 2 անձանց կուրանալու փաստի առթիվ հարուցված քրգործերով քննություն է տարվում ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության 3 վարչական շրջաններում»:
Փաստաբանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը