02 11 2020

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ՄԻՊ

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ՄԻՊ

Քաղաքացիական բնակավայրերի եւ օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ: Այս մասին գրում է Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ եւ ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, եւ առկա է ծավալների արագ աճի միտում:

Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը եւ երկարաժամկետ վտանգավոր հետեւանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից, ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը:

Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է եւ կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու եւ պատասխանատուներին պատժելու ուղղությամբ»,-գրում է ԱՀ ՄԻՊ-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ