Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսին ներկայացրեց փաստահավաք գործունեության արդյունքները՝ նշելով, որ արդեն պատրաստ է երկրորդ միջանկյալ զեկույցը ադրբեջանական վայրագությունների մասին։ Նա նաև ընդգծեց, որ հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում:
«Մինչև երեկ քաղաքացիական բնակչությունից արձանագրվել է առնվազն 25 զոհ, որից 5-ը՝ երեկ առնվազը 102 վիրավոր է եղել: Այս զոհերը և վիրավորները բոլոր ուղղություններով են արձանագրվել և բոլոր հիմնական բնակավայրերում»,- ասաց նա և նշեց, որ զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են, ինը՝ կին է, մեկը՝ երեխա:
«Խիստ դատապարտելի է ինչպես քաղաքացիական անձանց թիրախավորումը, այնպես էլ լրագրողների թիրախավորումները, գոնե որոշ դեպքերում ակնհայտ է, որ դիտավորյալ հարվածներ են հասցվել լրագրողներին, քանի որ ունեցել են տարբերանշաններ»,- ասաց նա և նշեց, որ սա պատերազմական հանցագործություն է և միջազգային հանրությունը պետք է հետևողական լինի մեղավորներին պատժելու հարցում:
Արտակ Բեգլարյանը նաև նշեց. «Տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ներքո գտնվում են հայ զինծառայողների մարմինները և կան որոշ ապացույցներ, որ մեր զինծառայողների մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Միջազգային հանրության պատասխանատվությունն է, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ կանխարգելվեն նման ոտնձգությունները և նման դեպքեր արձանագրվելու դեպքում համապատասխան պատիժ սահմանվի միջազգային հանրության կողմից»:
Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում 90 տոկոսից ավելի դեպքում այդ մարմինները կամ անձիք խոշտանգվել և մի շարք վայրագությունների են ենթարկվել, իսկ այդ գործողությունները կատարողները հերոսացվել են Ադրբեջանի կողմից։
«Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ, որովհետև և՛ Ստեփանակերտում, և՛ մնացյալ բազմաթիվ բնակավայրերում ունենք հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր, չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են վտանգել քաղաքացիական բնակչությանը և հատկապես երեխաների կյանքն ու առողջությունը»,- ասաց նա և նշեց, որ արցախյան պատերազմից հետո ինքը ադրբեջանական ականի պայթյունից է վիրավորվել և կորցրել է տեսողությունը և իր նման հարյուրավոր երեխաների կորցրել են կյանքը և առողջությունը»,-նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը