11 12 2023

Արցախի ՄԻՊ-ը՝ «ջուր ուզեցի, արցախցին չտվեց», «բոլոր արցախցիներն ունևոր են» և այլ միֆերի մասին



«Մի քիչ դժվար է լինել արցախցի և խոսել խտրականության թեմայով, որովհետև շատերի մոտ տպավորություն կստեղծվի, թե նստել և բողոքում ենք… Ես շատ երկար ժամանակ այն կարծիքին էի, որ արցախցի-հայաստանցի տարանջատման մասին չպետք է շատ խոսել, որովհետև դա բացում է դիսկուրսը և լավ տեղ չի տանում, բայց հիմա տրամագծորեն այլ կարծիքի եմ» ,-ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ:

 «Այն կեղծ կարծրատիպերի մասին, որ կան մեր հասարակությունում հատկապես այս օրերին, որոնց ականատես ենք լինում, պետք է շատ խոսել, բացատրել, պարզաբանել, բացահայտել և միայն այդ ճանապարհով միգուցե հնարավոր կլինի հասարակությանը վերակրթել՝ միմյանց նկատմամբ հարգանքի, ընկալման համար:

 Ես ինքս 6 տարի Երևանում ուսանող եմ եղել, և իմ նկատմամբ որևէ խտրականություն չեմ զգացել: Եթե եղել է, ապա միայն դրական «խտրականություն». թե դասախոսական կազմը, թե իմ ուսանողական ընկերները, բավականին լավ են վերաբերվել ինձ: Ցավոք սրտի, վերջին տարիներին է ամեն ինչ փոխվել: Իհարկե, տարբեր ժամանակահատվածներում կային սաղմերը, սերմերը, բայց որ բացահայտ ատելության խոսք գեներացվի, վերջին շրջանում ավելի շատ ենք ականատես լինում»:

Գեղամ Ստեփանյանը պատճառներին էլ անդրադարձավ. «30 տարիների ընթացքում հայրենաճանաչության ուղղությամբ աշխատանքներ չտարվեցին: Ես վստահ եմ, որ Արցախ այցելած ցանկացած հայաստանցի չի կարող վատ բաներ խոսել արցախցիների մասին…ջուր ենք ուզել, չեն տվել… Չնայած պարոն Խուդոյանն ասաց, որ կան մարդիկ, որոնց ինքն էլ ջուր չէր տա, բայց ինձ թվում է Արցախում ամեն դեպքում կտային այդ ջուրը: Ես ինքս բախվել եմ «ջուր ուզեցի, չտվեցին»  միֆի հետ… Չեմ բացառում, որ հնարավոր է նման դեպքեր եղած լինեն, բայց, ցավոք, մեկ դեպքը չափազանցված ներկայացված է հազարների տեսքով: Ես ինքս Երևանում վերջին տեղահանությունից հետո տաքսու վարորդի հետ նման թեմայով խոսակցություն ունեցել եմ, երբ ինքն ասաց, որ իր ընկերը Արցախում ծառայելիս ջուր է խնդրել և չեն տվել, ես իրեն ասացի՝ հենց հիմա զանգահարիր քո ընկերոջը, ես պատրաստ եմ ջուր չտված արցախցու անունից ներողություն խնդրել եւ խնդրել, որ այդ թեման չտարածի ամբողջ արցախցիների վրա, բայց այդ ընկերը այդպես էլ չգտնվեց…»:

Գեղամ Ստեփանյան  ասաց, որ պետք է կոտրել ներազգային ատելությունը, արցախցիների հանդեպ խտրականություն սերմանող երևույթները:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ