Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիսին նշեց՝ ցավոք սրտի, մենք ունենք խաղաղ բնակչության շրջանում սպանված անձինք, վիրավորներ:
«Այս օրերին մեր նպատակն է եղել պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հարձակումների, թուրքական հայտարարությունների տրամաբանությունը, քանի որ սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների հետ, և ցույց տալ, այդ քաղաքականության նենգ բնույթը: Իմ համոզմամբ՝ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելը»,- ասաց նա և նշեց, որ առաջին օրից թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը, բնակավայրերը՝ արգելված զինատեսակներով:
«Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործումը հիմնավորված է նաև տարբեր ապացույցներով: Միջազգային բոլոր պահանջները խոսում են, որ վարձկանների օգտագործումը համարվում են հանցագործություն և դրանք կատարած անձինք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն»,-ասաց նա:
Արման Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ ատելության, խոսքի, բռնության, սպանության կոչերին և նշեց, որ թեև այս ատելության խոսքը միշտ է եղել, բայց սեպտեմբերի 27-ից սկսած համակարգված բնույթ է կրում:
«Այստեղ միջազգային կազմակերպությունները դերը մեծ է, կոնկրետ գործողություններ պետք է գործադրեն»,- ասաց նա և նշեց, որ այս իրավիճակն այլևս այն չէ, որ կոնֆերանսներում ելույթների ժամանակ բաժակաճառերի նմանվող կոչեր արվեն, այստեղ անհրաժեշտ են քայլեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը