20 08 2020

ՍԴ դատավորի թեկնածուի հարցով որոշում չկա. Ռուստամ Բադասյան

ՍԴ դատավորի թեկնածուի հարցով որոշում չկա. Ռուստամ Բադասյան

Ինչպես նախկինում, հիմա էլ քննարկվում է կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի հարցը, դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանն ասաց, որ թեկնածությունը առաջադրում է կառավարությունը: «Պարզ է, որ ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ են մի քանի թեկնածություններ ներկայացվել: Այո, Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- ասաց նա:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե «Իմ քայլը» շատ վատ վարվեց պրոֆեսիոնալների հետ և եթե այսպես շարունակվի ոչ մի պրոֆեսիոնալ չի համաձայնի ընդհանրապես աշխատել պետական համակարգում, Բադասյանը նշեց. «Իսկ քննարկումների իմաստը ո՞րն է, մենք ուզում ենք, որ ընդհանարապես ԱԺ պատգամավորները չմասնակացեն կամ իրենց կարծիքը չարտահայտե՞ն: ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու, ինչը և արել են: Դա ժողովրդավարության մասին է խոսում»:

Հարցին՝ «Իմ քայլի» հետ հանդիպելուց հետո թեկնածուն որոշեց հրաժարվել, արդյոք իր անաչառության հարցն էր, որ պատգամավորները կասկածի տակ դրեցին, Բադասյանը պատասխանեց՝ ոչ:

«Իհարկե, ես պատգամավորների անունից չեմ կարող ասել, պարոն Ավետիսյանը նշել է՝ իրատեսական չէր իր համար 80 ձայն հավաքելը, դրա համար նման որոշում է կայացրել»,- ասաց նա:

Բադասյանը հավելեց, որ հանրային մակարդակում հնչած որևէ փաստարկ Ավետիսյանի մասին չէր կարող խոչընդոտ հանդիսանալ նրա թեկնածության քննարկման համար:

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջադրել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը՝ որպես ՍԴ դատավոր, սակայն վերջինս «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո հրաժարվեց թեկնածությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ