27 06 2020

Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է․ Մակինյան

Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է․ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Մինչ Փաշինյան Նիկոլը ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհավորում է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Աշոտ Խաչատյանը տալիս է հարցազրույց՝ նշելով, որ այս պահի դրությամբ՝

1) իր կողմից Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամանակավոր ստանձնումն իրավաչափ չէ,

 

2) ինքը որևէ կերպ չի կարող համարվել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող:

Ավելին, իր հարցազրույցի ընթացքում պարոն Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է այն իրավական խնդիրները, որոնք առաջացել են «սահմանադրական փոփոխությունները» ընդունելու կապակցությամբ, և որոնք վերջին երկու օրվա ընթացքում մատնանշվում էին տարբեր մասնագետների կողմից:

Դրանք են՝

1. լիազորությունները դադարեցրած Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով առանձին անհատական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը,

2. «սահմանադրական փոփոխությունները» «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում կենսագործելու անհրաժեշտությունը: Ավելորդ չէ հիշեցնել, որ վերջին օրերի ընթացքում իշխանությունները հերքում էին նման փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:

Ըստ պարոն Խաչատրյանի՝ նշված գործողություններն այս փուլում օբյեկտիվ անհրաժեշտություն են:

Այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս խնդիրները կլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, ևս մի անգամ հավաստում է, որ «սահմանադրական փոփոխությունները» իրականացվել են ծայրահեղ անգրագետ և փնթի ձևով՝ ստեղծելով բազում խնդիրներ, որոնց մեր իրավական համակարգը դեռ պետք է առերեսվի առաջիկա տարիների ընթացքում:

Հ.Գ. Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ