25 06 2020

Բադասյանի պնդումը սխալ է, հիմնված հին Սահմանադրության վրա. Կոստանյան․ Tert.am

Բադասյանի պնդումը սխալ է, հիմնված հին Սահմանադրության վրա. Կոստանյան․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «Արդարադատության նախարարի այն մոտեցումը, թե ԱԺ փոփոխություններով պայմանավորված՝ վաղը դադարեցվելու են ՍԴ երեք դատավորի լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա դատավոր, հիմնված է հին Սահմանադրության վրա, վաղն այդ ակտն ուժի մեջ չի մտնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

-Պարոն Կոստանյան, ՍԴ-ի դատավորներն ասում են, որ ըստ էության՝ սահմանադրական փոփոխությունը ինքնին բավարար չէ իրենց լիազորությունները դադարած համարելու համար, հետևաբար իրենք իրենց լիազորությունները չեն դադարում: Իսկ Ռուստամ Բադասյանը ասում է, թե սահմանադրական նորմերը գործում են անմիջականորեն, հետևաբար, թեկուզ օրենքը փոխված չէ, այդ սահմանադրական նորմերը միանգամից գործում են, բայց այդ օրենքը նրանք շատ արագ փոխելու են: Հիմա, ինչ է սահմանում նոր սահմանադրությունը։

-Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, բայց դրա նորմերը չեն գործում անմիջականորեն,  որովհետև 2005 թվականի Սահմանադրությամբ՝ հստակ սահմանված էր, որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, 2015 թվականի Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել, այսինքն՝ այդ կետն այլևս չի գործում, այլ բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և  բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ: 

 

Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեությանը կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և ՍԴ-ի մասին օրենքով: Չի գրվում, որ ՍԴ-ի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է միայն Սահմանադրությամբ, որն էլ ամենակարևոր հանգամանքն է:

 -Արդարադատության նախարարն ասում է՝ այդ օրենքն արագ կփոխենք, այսինքն տեղեկացված են այդ նորմի մասին, այստեղ այլ կարգավորում չկա՞, որ փոփոխություններն ուժի մեջ մտնեն։

-Այն, որ Արդարադատության նախարարն ըստ էության՝ ընդունում է այդ փաստը և իր հայտարարության մեջ նշում է, որ այդ օրենքները շատ կարճ ժամանակահատվածում պետք է համապատասխանեցնել Սահմանադրությանը, նշանակում է, որ Արդարադատության նախարարը փաստացի ընդունում է՝ այո, ՍԴ-ի կազմավորմանը վերաբերվող օրենքները պետք է անմիջապես համաձայնեցվեին Սահմանադրությանը, հետևաբար միայն այդ համապատասխանեցումից հետո է հնարավոր ՍԴ-ի դատավորների լիազորությունները դադարեցնել:

-Ապա այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Բադասյանի այն հայտարարությունը, թե վաղն անմիջապես օրենքները պետք է համաձայնեցվեն Սահմանադրությանը:

-Սա պայմանավորված է բացառապես նրանով, որ Բադասյանը գտնում էր՝ սահմանադրական փոփոխությունները գործում են անմիջականորեն և հետևաբար, այդ հայտարարությունն ի սկզբանե չունի իրավական, սահմանադրական հիմք և Արդարադատության նախարարի մոտեցումը հիմնված է հին Սահմանադրության վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ