Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը, որը վերաբերում է 2004թ. փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ Ադրբեջանը ներկայացնող հատուկ պատրաստություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը և մեկ այլ հայ սպայի սպանելու փորձին:
2013թ. ՄԻԵԴ ներկայացված հայցում նշվում է, որ Ադրբեջանը, ներում շնորհելով և մեծարելով մարդասպանին, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ:
Այժմ ՄԻԵԴ վճռում նշվում է, որ «Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար իր քաղաքացու նկատմամբ արտասահմանում սահմանված ազատազրկման պահանջի հետագա իրագործումը»:
Վճռում նաև նշվում է, որ որպես արդյունք եղած անպատժելիությունն անհամատեղելի է Ադրբեջանի՝ կյանքի նկատմամբ հարձակումներն արդյունավետ կանխելու վերաբերյալ ստանձնած պատավորության հետ:
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ադրբեջանի իշխանությունների՝ մարդասպանի անպատժելիությանը հանգեցրած քայլերն ուղղակի կապ ունեն նրա զոհի հայկական ծագման հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը