08 05 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընթացքում ներկայացրեց նախկին նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը։

Ալումյանը նշեց, որ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 24-ին, երբ երկրում արդեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ դրություն էր հայտարարված։ Պաշտպանը մեջբերեց մարդու իրավունքների հարցերով եվրոպական կառույցների հայտարարություններն ու կոչերը, ըստ որոնց՝ պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում: Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է միաժամանակ մի քանի ռիսկային խմբում, իսկ ներկայումս, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։ Կից ներկայացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ից համապատասխան բժշկական տեղեկանք։

Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը, որը մուտքագրվել էր դատարան ապրիլի 17-ին։ Գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։ Ա․ Վադևանյանը ներկայացրեց
Արդարադատության նախարարության տրամադրած տվյալները, համաձայն որոնց՝ ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3-ն է։ Նա հիշեցրեց, որ մեկ-երկու տարի առաջ Փարիզում ահաբեկչական գործողություններ են եղել, և այժմ այդ անձանց խափանման միջոցը փոխվել է։
«Մենք վերջին շրջանում մոտեցել ենք իրավական նիհիլիզմի մի շարք դրսևորումների։ Բայց եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի»,- հայտարարեց Վարդևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ