07 05 2020

Դանիբեկյանի ուղերձն Ալիևին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Դանիբեկյանի ուղերձն Ալիևին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Դատարանների կողմից հնչեցվող՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» ձևակերպումը, մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանի շուրթերից այլ երանգ է ստանում՝ Հայաստանի Հանրապետության անունից։

Իրավական, հումանիստական և հարակից մյուս գործոնները մի կողմ։ Հավանորեն ոչ իր կամքով մայիսի 8-ին վերսկսվող՝ Ռ. Քոչարյանի, գեներալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի դատավարությամբ՝ Աննա Դանիբեկյանը Հայաստանի իշխանությունների անունից կարևորագույն ուղերձ է հղում Իլհամ Ալիևին։

Դանիբեկյանի ուղերձն Ալիևին

Պատմությանը ծանոթ են դեպքեր, երբ դատարանի որոշումը շատ ավելին է, քան՝ կոնկրետ մարդու կյանքը, նրա ազատությունը, իրավունքները։ Դրանք ավելի շատ պատմական իրադարձություններ են, քան՝ արդարդատության դրվագ։ Դատավոր Դանիբեկյանն իր կամքից անկախ հայտնվեց նման վիճակում. նա Հայաստանի անունից մայիսի 8-ին պետք է հստակ ուղերձ հղի Իլհամ Ալիևին։ Ո՞րն է ուղերձի առանցքը։

Իլհամ Ալիևի հրամանով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը օրեր առաջ հայտարարեց, որ ադրեջանական բանակն ամեն օր պատրաստ է ռազմական գործողություններ սկսելու և խնդիրը պատերազմով լուծելու։ Ալիևի մերձավոր շրջապատի գործիչները, ակնհայտորեն Ալիևի ցուցումով, բացեիբաց խոսում են խաղաղ բանակցությունները դադարեցնելու և հարձակման անցնելու մասին։ Ադրբեջանում սոցիալական լարվածության էական մեծացման և Ալիևի իշխանության սասանման պայմաններում մեծ է հավանականությունը, որ նա կարող է գնալ ռազմական գործողությունների ճանապարհով։ Եվ վերջապես՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը խոսում է լարվածության ահռելի պոտենցիալի մասին, որը կուտակվում է Հայաստանի և Արցախի անվտանգության շուրջ։

Այս պայմաններում չափազանց կարևոր են այն անուղղակի մեսիջները, որոնք Հայաստանը կուղարկի հակառակորդին։

Ռոբերտ Քոչարյանի ազատությունն այն ուղիղ մեսիջն է, որի հիմնական հասցեատերը Իլհամ Ալիևն է։ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը՝ մայիսի 9-ին Եռաբլուրում կամ Արցախի ազատամարտիկների պուրակում ուղիղ մեսիջ է հակառակորդին, որ Հայաստանում պահպանվում են հաղթելու թե՛ ոգին, թե՛ մեխանիզմները։ Դա կլինի ուղիղ մեսիջ, որ պատերազմի դեպքում մենք նույնքա՛ն միասնական ենք, նույնքա՛ն ամուր, ինչպես՝ 90-ականներին, ինչպես՝ ապրիլին։

Կա տեսակետ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով հայտնվել է մարդկայնորեն ծանր, աննախանձելի վիճակում։ Դա կես ճշմարտություն է։ Կարող է լինել նաև հակառակ տեսակետը՝ դատավոր Ա. Դանիբեկյանին ճակատագիրը հնարավորություն է տվել Հայաստանի Հանրապետության անունից Ալիևին ուղերձ հղելու՝ պատերազմի առաջ մենք միասնական ենք, և պատերազմը կդառնա Ալիևի իշխանության կորուստը։ Եվ Դանիբեկյանը կարող է դառնալ այն անձը, որն իր լուման դրեց պատերազմի բացառման և խաղաղության պահպանման գործում։

Այսքանից հետո ընտրությունը Դանիբեկյանինն է, և ոչ միայն նրանը։ Քաղաքական իշխանությունը միշտ էլ ինչ-որ խողովակներով է իր պարտադրանքն իջեցնում այս կան այն դատավորին, և այդ շղթայի բոլոր օղակները վաղ թե ուշ բացահայտվելու են։ Կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինը գիտակցի հենց այսօր։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ