ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հերթական դիմումն է ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Փաստաբանն ընդգծել է, որ նախորդ դիմումներում բարձրացված հարցերն ուղղված են եղել հենց իրեն՝ պարոն Ասլանյանին, և ոչ թե դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Խնդրում եմ, ի վերջո, պատասխանել վերը նշված հարցերին, եթե, իհարկե, մտահոգոթյուն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում», - իր դիմումի մեջ նշել է Խուդոյանը։
Հիշեցնենք, որ նախորդ երեք դիմումներում փաստաբանը խնդրել է հայտնել, թե ե՞րբ է ստացվել դատավորի՝ մինչև ապրիլի 16-ը անաշխատունակության վիճակում գտնվելու մասին տեղեկությունը, արդյո՞ք դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը փորձել է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձա՞յն է, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին և արդյո՞ք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ դատավոր Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը