Երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր կրկին դիմում է ներկայացնելու ՄԻՊ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների ոտնահարման հարցով: Tert.am-ի հետ զրույցում նա իրավունքի, արդարդատության նկատմամբ ծաղր որակեց Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 8 –ին դատական նիստի նշանակումը: Ըստ նրա՝ աշխատանքի ներկայանալուց հետո դատավորն անհապաղ պետք է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նիստ գումարեր, քանի որ դեռ մարտի 16-ից խափանման միջոցի փոփոխության միջնորդություն էր ներկայացվել:
«Սկսենք սկզբից: Որոշակի օբյեկտիվ հիմքով պայմանավորված՝ ենթադրում եմ՝ բժշկի կողմից այլևս որևէ հիմնավորում անաշխատունակության վերաբերյալ չէր տրմադրվել, կարծում եմ՝ երևի այն պատճառով, որ նույն բժշկական համայքում էլ բանավեճ է ծավալվել, թե այդ ինչպես կարող է առնվազն չհերքված քթի պլաստիկ վիրահատությունը իրենից ենթադրի 33 օր անաշխատունակություն, եթե ամբողջ միջազգային փորձը հուշում է, որ այն 14 օրից ավել չի տևում: Ամսի 17-ին տիկին Դանիբեկյանը, ներկայանալով աշխատանքի, այլ գործերով է զբաղվում, այսինքն՝ ի վիճակի է զբաղվել աշխատանքով: Եկել էր աշխատանքի, ես տեղեկություն ունեմ, որ նույնիսկ դատական նիստերի դահլիճ է մուտք գործել, կարողացել է նույնիսկ հերթական դատական նիստի օր նշանակել մեր գործով, բայց մեր միջնորդության քննություն չի կատարում, հիմա էլ չպլանավորված արձակուրդի է մեկնում»,-ասաց նա:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ դատավորի այս գործողությունները, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի նախագահի գործողությունները հետագայում շատ լուրջ իրավական գնահատականի առարկա են դառնալու:
«Այդ ինչպես է ստացվում, որ դատարանի նախագահը չպլանովորված արձակուրդը բավարարում է այն պարագայում, երբ տիկին Դանիբեկյանը դեկտեմբեր ամսին արդեն արձակուրդ էր մեկնել: Դեկտեմբերի 10-ից տիկին Դանիբեկյանը արձակուրդի մեջ էր, և մինչև դեկտեմբերի 29-ը բոլորս աշխատանքի էինք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագաը խնդիր չի՞ տեսնում։ Որպես դատարանի նախագահ կարող էր ասել, որ չի կարող գնալ արձակուրդի, քանի որ որպես դատավոր ունի պարտականություններ, որոնք չի կատարում: Այդտեղ էլ ունենք անգործություն»,-նկատեց նա:
Արամ Վարդևանյանի խոսքով՝ նման իրավիճակներում, երբ կա անհապաղ քննություն պահանջող խափանման միջոցի հարց, և դատավորը նման վարքագիծ է դրսևորում, գործը մակագրվում է այլ դատավորի, ավելին՝ միջազգային փորձը խոսում է այն մասին, որ դատարանների նախագահները իրենք են քննում, քանի որ նման միջնորդությունների քննությունը չի կարող այսպես ձգձգվել:
«Մեր հայաստանյան փորձից ևս հիշեցնեմ՝ կա Վճռաբեկ դատարանի՝ 2018-ի դեկտեմբերի 25-ի նախադեպային որոշում. գրավի միջնորդությունը մեկ ամիս չէր լսվել, քանի որ դատավորը գնացել էր արձակուրդ, վերադարձել էր արձակուրդից 15-20 օր հետո: Խափանման միջոցի քննությունը տևել էր մեկ ամիս, և Վճառաբեկ դատարանն արձանագրել էր, որ դա իրավունքի խախտում է: Հարց է առաջանում՝ տիկին Դանիբեկյանը, առաջին ատյանի դատարանի նախագահը, ԲԴԽ-ն տեղյա՞կ են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից։ Տեղյակ չեն Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից, որոնք պարտադիր են մեզ համար, լավ համարենք կարող է լեզվի խնդիր կա, անգլերեն նախադեպերը դժվար են ընթերցվում, լավ բայց Վճռաբեկ դատարանի նախադեպն էլ հայերեն է»:
Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ «Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 16-ին հրապարակած «Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում» զեկույցում անդրադարձել է Հայաստանի դատական համակարգին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը