17 04 2020

Ի՞նչ պիտի լինի պաշտպանյալիս վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու․ փաստաբան

Ի՞նչ պիտի լինի պաշտպանյալիս վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու․ փաստաբան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթում է գտնվում անբուժելի հիվանդությամբ տառապող  կալանավորի գործը:   Երկու տարուց ավելի է՝ դատական նիստեր համարյա տեղի չեն ունենում և անընդհատ ձգձգվում են:

Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան   Լիանա Բալյանը։

«Կալանավորը  բերվում էր  դատարան և եղել էին դեպքեր, երբ դատական նիստին սպասելիս վատացել է նրա ինքնազգացողությունը: Կալանավորը 2020թ. սեպտեմբերի 10-ին դիմել էր  Ա. Դանիբեկյանին ՝ իր նկատմամբ գրավ կիրառելու, բուժումը շարունակելու խնդրանքով: Դատավոր Ա. Դանիբեկյանը որոշումը հրապարակելու համար մտել էր խորհրդակցական ժամը 12:30-ին, որտեղից դուրս է եկել ժամը 16:30-ին, եւ դատարանում երկարատեւ պահելու, սնունդ ու դեղորայք չընդունելու պատճառով, վատացել էր հիվանդ կալանավորի վիճակը: Այդ օրվա նիստի հետ կապված կալանավորը դիմել էր ԲԴԽ՝ իր նկատմամբ կատարվածը համարելով խոշտանգում: Կալանավորը բազմաթիվ նամակներ էր ուղղել պատկան մարմիններին, բուժհիմնարկներին, առողջապահության նախարարությանը, որոնք հրաժարվել են հիվանդ կալանավորի խնդրին լուծում տալ:  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հիվանդ կալանավորի պաշտպանը՝ փաստաբան Լիանա Բալյանը հանդես եկավ «Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ» միջնորդությամբ: «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավորը հաշվառված է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական Կենտրոն ՊՈԱԿ-ում: Նա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել 2018 թվականի փետրվարի 9-ին՝ «Նուբարաշեն»  ՔԿ հիմնարկից, որպես ՄԻԱՎ վարակակիր: Պաշտպան Լիանա Բալյանը հղում կատարելով բժշկական բազմաթիվ տեղեկանքներին, իր հարցումների պատասխաններին, տեղեկացրեց. «Հիվանդի մոտ ախտորոշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ  3-րդ կլին. փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն: Ստորին ծնոտի քրոնիկ դեստրուկտիվ օստիոնեկրոզ աջից»։

 Ըստ պաշտպանի,  ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկը չի կարողանում իրականացնել ծնոտի վիրահատությունը, ինչպես նաեւ հնարավոր  չէ ապահովել հիվանդի պատշաճ բուժումը, դեղորայքի ընդունումը եւ հատուկ սնունդը: Ի դեպ, ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում պահվող կալանավորված անձի մոտ ախտորոշված է «ծնոտների   օստիոնեկրոզ՝ դեզոմորֆինի գործածման հետեւանքով», որի համար վերջինիս ցուցված է վիրահատական բուժում:    Դատավորը բավարարել է միջնորդությունը՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն 5 ամսից ավելի է այն չի կատարվում: Այսօր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իմ պաշտպանյալի ՔԿՀ-ում գտնվելը շատ վտանգավոր է և սպառնալիք է նրա կյանքի համար: Ես միջնորդություն եմ ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ: Դիմումներ ենք գրել նաև ՀՀ Գլխավոր դատախազին: Սակայն պատասխան չկա: Այսօր մամուլից տեղեկացա, որ   դատավոր Ա. Դանիբեկյանը կրկին արձակուրդ է մեկնել: Ինչ պիտի լինի իմ պաշտպանյալի վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու…»,– ասվում է հայտարարությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ