09 04 2020

ՔԿ համակարգն ունակ չի ապահովել վարակի դեմ պայքարի պայմաններ․ Օրբելյան․168.am

ՔԿ համակարգն ունակ չի ապահովել վարակի դեմ պայքարի պայմաններ․ Օրբելյան․168.am

168.am-ը գրում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրուսի հետ կապված մի քանի ռիսկային խմբում, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քրեակատարողական ծառայության դեմ հայցեր է ներկայացրել վարչական և քաղաքացիական դատարաններ:

Փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը:

168.am-ը Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատականների մասին է արծարծված հաղորդագրության մեջ:

Արամ Օրբելյանը պատասխանեց, որ խոսքը ոչ թե կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի, այլ քրեակատարողական հիմնարկներում պահվող վարակման ռիսկի մեջ գտնվող անձանց մասին է:

«Խոսքը վերաբերում է պետություններին ուղղված մի շարք կազմակերպությունների կոչերին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում քրեակատարողական համակարգում հնարավորինս քիչ մարդ պահելուն և բոլոր հնարավոր գործիքակազմերը դիտարկելուն՝ առնվազն ժամանակավոր կամ վաղաժամ ապահովել, որպեսզի ռիսկային գոտում գտնվող մարդիկ չմնան  քրեակատարողական հիմնարկներում, կիրառվի խափանման այլ՝ դրսում գտնվելու միջոց»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբան Արամ Օրբելյանը հիշեցրեց,  որ նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել  Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն և ՄԱԿ-ը համատեղ, USAID-ը, միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ:

«Տարբեր պետությունների ներկայացուցիչներ նույնպես կոչ են անում, որ խափանման միջոց կալանավորմանն այլընտրանք պետք է դիտարկվի և պետք է կիրառվի: Դա շատ կարևոր է, որովհետև խոսքը չի վերաբերում միայն այլընտրանքին, որը պետք է կիրառվի: Հնարավոր բոլոր գործիքակազմը՝ առնվազն ժամանակավորապես ազատություն ապահովելու համար, որովհետև քրեակատարողական համակարգը իր կառուցվածքով ունակ չի ապահովել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են համավարակի դեմ պայքարի համար»,- ասաց Արամ Օրբելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ