Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:
Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը