10 02 2020

Ոստիկանները կրկին ասֆալտին են փռել «քրեական ենթամշակույթ» կրող անձանց



Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են նաև ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի և նռնակների կամավոր հանձնման դեպքեր։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ