08 02 2020

Ինչո՞ւ բացի Թոխյանից և Վ․Պողոսյանից որևէ մեկը չի հարցաքննվել․ Էրիկ Ալեքսանյան



«168 Ժամ»-ը գրում է․ «Այդ լուրը, երբ երեկ հասու դարձավ ինձ, ի սկզբանե չէի հավատում, որ դա առհասարակ կարող է իրական լինել, քանի որ այդ նախաձեռնությունը և դրա իրավաչափությունն ու իրավական գաղափարը որևէ աղերս չունեն ընդհանրապես իրավական ողջամտության հետ»,- անդրադառնալով երեկ ԱԺ-ում հանրաքվեի միջոցով ՍԴ ներկայիս կազմից ազատվելու օրենքի ընդունմանը՝ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Վերը նշվածը փաստաբանը հիմնավորում է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի դրույթը մեջբերելով, ըստ որի՝ փոփոխությունների փաթեթն ու հանրաքվեի որոշումը մինչ ՀՀ նախագահի կողմից ստորագրումը գնահատականի պետք է արժանանան Սահմանադրական դատարանի կողմից:

«Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ իշխանությունը փաստացի փորձում է շրջանցել ՍԴ դիմելը, որպեսզի կյանքի կոչի այն օրենքի նախագիծը, որը ձեռնտու է իրենց, և այստեղ մենք բախվում ենք շատ կարևոր հարցի: Եթե մենք ՍԴ-ն հաշվի չենք առնում, իսկ ՍԴ դիմելը հայեցողական իրավունք չէ, այլ իմպերատիվ պահանջ, հետևաբար՝ արդյո՞ք մենք կարող ենք խոսել այդ օրենքի իրավաչափության մասին»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը:

Հարցին, թե երեկվա քվեարկությունն ո՞ւմ հաղթանակն էր, փաստաբանն ասաց, որ ինքը դա հաղթանակ չի համարում, քանի որ այդ ոչ իրավաչափ նախագիծը դեռ իրողություն չէ ու կյանքի չի կոչվել:

«Բայց պատկերացնենք, որ ՍԴ-ն անտեսվում է, ու այդ օրենքն ընդունվում է: Դրանից հետո ինչ-որ մեկը ցանկանում է այդ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկել, ու դիմում է ՍԴ, ու ՍԴ-ն այդ օրենքը ճանաչում է հակասահմանադրական: Հետո՞: Այստեղ ունենում ենք իրավական փակուղի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Անդրադառնալով վարչապետի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, ուր վերջինս խոսեց նաև տարիներ ի վեր կեղծված ընտրությունների և դրանց վրա ՍԴ-ի աչք փակելու մասին, Էրիկ Ալեքսանյանը հռետորական հարց ուղղեց՝ երբ ի դեմս վարչապետի՝ դրա մասին բարձրաձայնվում է, արդյոք դա ստուգողական ինչ-որ գործողությունների արդյունք դառնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Կեղծիքների մասին վարչապետի հայտարարությունն իր մեջ պարունակում է քրեական տարր: Հարց է առաջանում՝ այդ հայտարարությունից հետո իրավասու պետական մարմինները որոշակի, օրենքով սահմանված կարգով գործողություն կատարո՞ւմ են, թե՞ ոչ, ինչն իրենց պարտականությունն է: Եթե ոչինչ չի արվում, այսինքն՝ մենք գնահատում ենք վարչապետի ասածը՝ որպես ոչ հավաստի՞»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրանքին՝ արդարադատությանը խոչընդոտելու փաստի առթիվ, «Մարտի 1»-ի գործի շրջանակում, որի հիմքում ընկած են «Վիկիլիքսի» հրապարակումներն առ այն, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանն իբր թե ասել է, որ Սերժ Սարգսյանի օգտին որոշում կայացնելու համար իր վրա ճնշում է գործադրվել նախագահականից, ու այդ մարդը եղել է Արմեն Գևորգյանը, վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դա շինծու մեղադրանք է, քանի որ կան Վալերի Պողոսյանի ցուցմունքները, որոնցում նա հերքում է այդ տեղեկատվությունը:

«Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի համար, որի մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը 2018թ. օգոստոսի 3-ին, հիմք են հանդիսացել բացառապես «Վիկիլիքսի» հրապարակումները: Երբ դատավարության ժամանակ կհասնենք համապատասխան փուլին, բոլորը կհամոզվեն, որ «Վիկիլիքսում» արված հրապարակումներն իրականության հետ որևէ աղերս չունեն: Սույն քրեական գործում Վալերի Պողոսյանի նկատմամբ ենթադրյալ ճնշումների մասին ոչ մի տվյալ առկա չէ: Նա՝ ինքը, հարցաքննվել է այս քրեական գործի շրջանակներում և իր ցուցմունքում հստակ նշել է, որ իր վրա ոչ ոք ճնշում չի գործադրել, այդ թվում՝ Արմեն Գևորգյանը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Ըստ պաշտպանի՝ Վալերի Պողոսյանն իր ցուցմունքում հստակ հայտնում է, թե ինչու է «Վիկիլիքսը» նման տեղեկություններ տարածել, ինքը նման բան չի հայտնել:

«Եթե այն անձը, որի վրա ենթադրաբար՝ ըստ մեղադրանքի, ճնշում է գործադրվել, ասում է, որ չի եղել նման բան, և գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցներն էլ չեն վկայում դրա մասին, ինչպե՞ս մենք այստեղ կարող ենք խոսել օրինական մեղադրանքի մասին: Ի դեպ, Վալերի Պողոսյանն իր ցուցմունքում նաև հստակ նշում է, որ դիմումի քննությանը չմասնակցելու պատճառը եղել է հիվանդությունը, և դա վկայող բժշկական տեղեկանքն առկա է գործում»,- ասաց Արմեն Գևորգյանի պաշտպանը:

Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս նկատելի է դառնում, որ օգոստոսի 3-ին, երբ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, հարցաքննվել է նաև ՍԴ մեկ այլ անդամ՝ Ֆելիքս Թոխյանը, և նա, ով մասնակցել է այդ նիստին ու հանդես եկել հատուկ կարծիքով, նույնպես հստակ ցուցմունք է տվել, որ իր վրա ոչ ոք ճնշում չի գործադրել, այլ անձանց վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ տեղեկություններ չունի:

«Բացի Ֆելիքս Թոխյանից ու Վալերի Պողոսյանից, ՍԴ այլ անդամներից որևէ մեկը չի հարցաքննվել: Ինչո՞ւ: Որովհետև փաստացի այն տեղեկությունները, որոնց որ իրենք տիրապետում են, և այն վարկածը, որն իրենք առաջ են բերում, իրականում իրականությանը չի՞ համապատասխանում»,- տարակուսում է Էրիկ Ալեքսանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ