04 02 2020

Եթե Բուքիքիոն ունի փաստեր, պետք է դիմի իրավապահներին. Նիկոլայ Բաղդասարյան

Եթե Բուքիքիոն ունի փաստեր, պետք է դիմի իրավապահներին. Նիկոլայ Բաղդասարյան

Փաստինֆո-ն գրում է․ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

-Պարոն Բաղդասարյան, նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարեց, որ շարունակում է մտահոգված լինել ՀՀ ՍԴ-ին վերաբերող իրավիճակով եւ կիսում է ԵԽԽՎ-ի՝ օրերս տարածած հայտարարությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

-Գիտեք, տեքստի բովանդակությունից, որը ես ընթերցել եմ եւ համացանցում տեղադրված է եղել, չեմ կիսում այն կարծիքը, որ այնտեղ ինչ-որ մտահոգություն կա։

-Բայց Վենետիկի հանձնաժողովի նախագահն ուղիղ հայտարարում է, որ շարունակում է մտահոգված մնալ Հայաստանի ՍԴ-ին առնչվող բաց կոնֆլիկտի առկայությամբ։

-Վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ-ի միջեւ , տեքստին ես ծանոթ եմ...

-Ջիանի Բուքիքիոն հիշեցրել էր 2019 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի մեխանիզմը պետք է իսկապես կամավոր լինի , բացառվեն դատավորների վրա քաղաքական կամ անձնական ճնշումները եւ, որ նախագիծը չպետք է ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա։ Նախօրեին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել էր, որ այդ չափանիշններն ապահովված չեն, արդյո՞ք սա մտահոգություն չէ՞։

-Տեսեք, վաղաժամ թոշակի գնալու գործընթացի տրամաբանությունը հետեւյալն է, երբ հասարակությունը պահանջարկ ունի, որպեսզի դատական համակարգի նկատմամբ վստահություն ձեւավորվի, դատավորները տեսնում են, որ վստահությունը իրենց հանդեպ ցածր է, ասում են՝ մենք դուրս ենք գալիս վաղաժամ պայմանական թոշակի, որպեսզի զոհաբերելով իրենց աշխատանքը, նոր դատավորներ ընտրելով, բարձրացնեն դատական համակարգի նկատմամբ վստահությունը։ Սա երկկողմ, եռակողմ համաձայնության խնդիր է, ոչ թե մեկը մյուսին ճնշելու, այլ՝ մեկը մյուսի հետ համաձայնության գալու խնդիր, դա անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է։

-Բայց ՍԴ դատավորներից առնվազն մի քանիսը հրապարակային հայտարարել են, որ չեն պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից եւ չեն պատրաստվում գումար ստանալ չաշխատելու համար։

-Եթե իրենց կամարտահայտությունը չկա դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու հարցում, ուրեմն էդ գործընթացը չի կարող ունենալ հաջողություն։ Այսինքն, եթե մենք արձանագրում ենք, որ դատական համակարգը վստահություն չի վայելում, այդ փաստը արձանագրվեց, եթե դատավորները չեն ուզում աջակցել նրան, որպեսզի վստահությունը բարձրանա, իսկ իշխանությունները քայլը արել են, ասել են՝ մենք պատրաստ ենք այդ քայլին դիմելու, ինչ-որ հնարավորություն են տրամադրել դատավորներին, դատավորները քայլը չեն ընդունում, ուրեմն՝ չի ստացվի այդ գործընթացը։ Վտանգավոր բան չկա, դա ոչ թե դատական իշխանության դեմ է, այլ ընդհակառակը՝ դատական իշխանությանն աջակցելու համար է, եթե դատական իշխանությունը ցանկանում է։ Պարտադիր պայման է, որ դատական իշխանությունը ցանկանա դեատական համակարգի, դատական իշխանության հեղինակությունը բարձրացնել, եթե ինքը չի ցանկանում, բնական է, իշխանությունն այդտեղ ոչինչ չի կարող անել։

-Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ նշվում էր, որ վերջին օրերի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները չեն բավարարում վերը նշված չափանիշներին և չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը, այսինքն, վաղաժամ կենսաթոշակային սխեմայի՝ իրապես կամավոր լինելուն եւ դատավորների վրա քաղաքական կամ անձնական ճնշումները բացառելուն։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

-Եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ, դա քրեորեն պատժելի արարք է , պետք է դիմի իրավապահ մարմիններին՝ ասի, որ ես նման տվյալներ ունեմ։

-Դուք կարծում եք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը պետք դիմի ՀՀ իրավապահ մարմինների՞ն։

-Ես կարծում եմ, որ եթե նման փաստեր կան, ինքը պետք է բարձրաձայնի այդ փաստերի վերաբերյալ եւ մեր իրավապահ մարմիները քննություն կատարեն այդ փաստերի վերաբերյալ։ Դուք՝ որպես լրագրող, դա նույնպես գիտակցում եք, այսինքն, ես չեմ կարող ասել՝ ճնշում կա լրագրողի նկատմամբ եւ ոչ մի փաստ չունենամ չէ՞։ Պետք է փաստեր լինեն, հակառակ դեպքում, ցանկացած մարդ կարող է ասել, որ ճնշում կա դատարանի վրա, լրագրողների վրա, պատգամավորների վրա ... հանգուցալուծումը որտե՞ղ եք տեսնում այս դեպքում։

- Հայտարարության մեջ շեշտվում է ինստիտուցիոնալ զսպվածության եւ պետական ինստիտուտների միջև փոխադարձ հարգանքի մասին։ Արդյո՞ք սա ուղերձ չէ։

-Մեր Սահմանադրության մեջ գրված է դա, հայտարարության խնդիրը ո՞րն է։

-Իրավական հանրույթն ահազանգում է, որ այդ սկզբունքը չի պահպանվում, որ գործադիրը ճնշում է գործադրում դատական իշխանության նկատմամբ։

-Այսինքն, ի՞նչ է տեղի ունեցել, օրենքը ընդունվեց։

- Երբ վարչապետը հայտարարում է, որ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ», ճնշում չե՞ք համարում։

-Չէ, ինչո՞ւ եմ ճնշում համարում, վարչապետը որոշակի հիմնավորումներ է ներկայացրել, ինձ համար այդ հիմնավորումները տրամաբանական են։ Մինչեւ վարչապետի ասելը, ես դա վաղուց ասել եմ, եթե նայեք իմ նախընտրական քարոզարշավը, կտեսնեք, որ ասել եմ՝ ես գնում եմ դառնամ պատգամավոր եւ իմ նպատակներից մեկն է լինելու վերականգնել ՀՀ-ում արդարադատությունը։ Դա ճնշո՞ւմ է ինչ-որ մեկի նկատմամբ։ Դուք չե՞ք ուզում, որ այս պետությունում գործի արդարադատությունը, եթե որեւէ դատավոր չի գործում արդարադատության շահերից, եթե որեւէ դատավոր խախտում է մարդկանց իրավունքները, որեւէ դատավոր պաշտոնի է նստել ապօրինի ճանապարհով, ի՞նչ եք առաջարկում անել, իշխանությունը գտալուց հետո հանդուրժի՞ այդ ամենը։

-Պարոն Բաղդասարյան, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որեւէ որոշում այդ առնչությամբ գոյություն չունի։ Անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիր չե՞ք տեսնում նաեւ վարչապետի այն հայտարարության մեջ, թե ՍԴ-ի լիազորություններն օկուպացված են։

-Ես չեմ հասկանում, ի՞նչ օրինական ուժի մեջ մտած վճիռ պետք է լինի, որ ես, որպես իրավաբան, կարդալով Սահմանադրությունը, հասկանամ, որ սահմանադրական նորմերը այնպես է ձեւակերպել, որպեսզի ինքն իր պաշտոնը պահպանի ուժի զոռով, ի՞նչ վճիռ, կո՞ւյր եմ, ի՞նչ եմ, չե՞մ կարողանում կարդալ հոդվածները։ Անմեղության կանխավարկածի խնդիրը լինում է, երբ դու մարդուն մեղադրում ես հանցագործության մեջ , ես խոսում եմ այն մասին, որ ինքը Սահմանադրության անցումային դրույթները՝ 213-րդ հոդվածը ձեւակերպել է այնպես, որ իր անձնական պաշտոնը պահպանի։ Չի կարելի Սահմանադրություն ընդունել, որ մարդը, կապ չունի դա Հրայր Թովմասյնը լինի, թե Պողոս Պողոսյանը, իր պաշտոնը պահպանի։ Մարդը իր պաշտոնի համար ընդունի Սահմանադրություն, էդպես չի լինում։

-Ձեր գործընկեր Վահագն Հովակիմյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով նախատեսվում է չեզոքացնել ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջը։ Ի՞նչ կարծիք ունեք նախագծի վերաբերյալ։

 -Այդ հարցը իրեն պետք է տաք։ Ինքը ժամանակին Ձեր կոլեգան է եղել, շատ ավելի լավ կպատասխանի։

-Դուք, որպես իրավաբան , ի՞նչ դիրքորոշում ունեք։

-Ես գտնում եմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածների սկզբունքներին։ Չի կարելի պաշտոն պահելու համար Սահմանադրության անցումային դրույթներով նման կարգավորում տալ, այսինքն, չի կարող պատահել, որ Սահմանադրությամբ նախատեսված լինի, որ ՍԴ նախագահն ընտրվում է 6 տարով բայց անցումային դրույթներով ասի՝ մինչեւ 2035 թվականը ինքը կարող է պաշտոնը զբաղեցնել։

-Խոսքը Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ սահմանադրականության ստուգման պարտադիր պահանջը շրջանցելու մասին է։ Սրա հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք։

-Այդ հարցի հասցեատերը ես չեմ, սահմանադրագետները կասեն։ Իմ՝ ոչ մասնագիտական կարծիքն այն է, որ որոշ փոփոխությունների դեպքում, երբ հանրաքվե է իրականացվում պետության ներսում, ոչ բոլոր դեպքերում պետք է պահանջվի ՍԴ-ի համաձայնությունը, բայց դա շատ տեսական հարց է, ես դրա մասնագետը չեմ։ Ասենք, պետության կառավարման ձեւը փոխվում է, պառլամենտականը դառնում է նախագահական , այստեղ ՍԴ—ի եզրակացությունը ինչո՞ւ է պետք ։ Սա զուտ ոչ մասնագետի կարծիք է, ուղղակի էդ հարցի վերաբերյալ ամեն մեկն իր անձնական շահն ունի, որպես անաչառ իրավաբան, ես կարծում եմ՝ հարցը պետք է քննարկվի, հասկանանք, որ դեպքում է պետք ՍԴ-ի եզրակացությունը, որ դեպում՝ ոչ ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ