Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ կայքում տեղադրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծին և կից նախագծերին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ինչ են փորձում անել: Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը: Այսպես՝ ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշումը: Նախագծերով վերացվում է սահմանադրական օրենքներով սահմանված այս պարտադիր պահանջը և հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել Սահմանադրական դատարանը: Բացի այն, որ նախագծերով հասկանալի պատճառներով հիմքեր են փորձում ստեղծել Սահանադրական դատարանի դրական որոշումը ստանալու իմպերատիվ պահանջը վերացնելու, նաև վերացնում են ընդունված սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը: Այսինքն՝ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:
Բնականաբար, վերոնշյալ պահանջները պատահական սահմանված չեն եղել Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով: Դրանք մի սահմանադրական մարմնի կողմից կամայականությունների իրականացմումը զսպող և հակակշռող մեխանիզմներ են, այսինքն՝ սահանադրական փոփոխությունների առանցքային նշանակությունը հաշվի առնելով՝ այդ պրոցեսի իրականացմանը ներգրավված են երեք սահմանադրական մարմիններ: Ձեռքի հետ էլ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ լուծում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգում իրենց համար հնարավոր այլ խնդիր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածում սահմանելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է ոչ թե Ազգային ժողովի առաջիկա ՀԵՐԹԱԿԱՆ նիստերում, այլ առաջիկա նիստերում: Ամեն դեպքում՝ նախագծերը հակասահմանանադրական են, քանի որ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:
Հետևաբար՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքից այս կարգի վերացումն ակնհայտ հակասում է Սահմանադրության պահանջներին և օրենսդրական բաց է ստեղծվում: Միաժամանակ, Սահմանադրության169-րդ հոդվածն էլ իր հերթին սահմանում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Ինչը ևս ակնհայտ իմպերատիվ կարգավորում է: Ավելին՝ ստեղծվելիք իրավիճակի աբսուրդայնությունից ելնելով՝ կարող եմ ինձ թույլ տալ լրացուցիչ եզրահանգումներ կատարել: Ենթադրաբար իշխող ուժի դեմ կանգնած Սահմանադրական դատարանի օրհասական խնդիրը լուծելու հնարավոր տարբերակներից է լինելու Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների իրականացումը, համաձայն որի՝ 2015 թվականին տեղի ունեցած սահմանդրական փոփոխություններից հետո կարգավորվում էր Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարան հարցը: Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը