Հունվարի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների պաշտպանի բողոքը: Նշենք, որ Թավադյանի պաշտպանները բողոքարկել էին նրան կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այս դատական նիստին Արմեն Թավադյանը ներկա չի եղել.
«Այսօր նույնիսկ չենք խնդրել, որ պարոն Թավադյանին ուղեկցեն այս դատական դահլիճ, որովհետեւ կանխատեսում էին նման դատական ակտ»։
Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, հետագայում՝ Եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը 2019-ի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել «կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հատկանիշները» դիտարկող Քրեական օրենսգքի հոդվածով: Դատարանը Թավադյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, որը չի փոխվել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների անձնական երաշխավորությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը