Փաստինֆո-ն գրում է․ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Նկատենք՝ Մեսրոպ Մակյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
Փաստաբանների գնահատմամբ՝ Հրայր Թովմասյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, մասնավորապես՝ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիության շեմը և հենց այս հիմքով պահանջել են վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի որոշումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը