News.am-ը գրում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին կալանավորելու միտում եմ տեսնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը։
«ՀՔԾ քննիչը պարզում է, թե երբ հարմար չի Հրայր Թովմասյանին եւ այդ ժամանակ էլ հրավիրում է ՀՔԾ։ Փորձ է արվում տպավորություն ստեղծել, եւ կեղծ հիմքեր ստեղծել, որ պարոն Թովմասյանը քննչական գործողություններին չի ցանկանում մասնակցել կամ խուսափում է, սակայն դա այդպես չէ»,- ասաց պաշտպանը։
Ամրամ Մակինյանն ասաց, որ քննությունը չի ավարտվել, այլ հետաձգվել է. «Ես այսօր զանգահարել եմ քննիչին, ասել եմ, որ այսինչ օրն է մեզ հարմար, առայժմ արձագանք չկա»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը