12 01 2020

Բալային համակարգի հեղինակները թավշյա դիլետանտներ չեն․ Կոչուբաև

Բալային համակարգի հեղինակները թավշյա դիլետանտներ չեն․ Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալով բալային համակարգի ներդրմանը, գրում է․

«Բալային համակարգի սահմանադրականությունը: 

Հանրության շրջանում լայն տարածում է գտել այն թեզը, որ տուգանային միավորը (բալային համակարգը) հակասահմանադրական է: ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Սահմանադրական այս նորմը կիրառելի է նաև վարչական իրավախախտումների պարագայում (եվրոպական դատարանի պրակտիկայի իմաստով` կրկին դատվելու արգելքը չպետք է մեկնաբանվի ներպետական իրավունքում իրավունքի ճյուղերի համատեքստում, այլ առաջացող իրավաբանական հետևանքների և այս առումով կրկին դատվելու արգելքը լիարժեք կիրառելի է):

Կրկին դատվելու նորմ-սկզբունքը չի ապահովագրում այն դեպքերը, երբ օրենսդրությունը պատիժ և պատասխանատվություն կիրառում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներով: Այլ խոսքով, եթե իրավախախտման սանկցիան ունի հիմնական և լրացուցիչ պատիժ, դրանց միաժամանակյա կիրառումը չի կարող համարվել կրկին դատվելու արգելքի խախտում:

Տուգանային միավորը (բալը) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված է որպես լրացուցիչ պատժատեսակ (թև օրենսդրական ձևակերպումները իրավական որոշակիությանը նմանվող խնդիրներ ունեն): Սրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վկայակոչված օրենսգրքի 24-րդ հոդվածը, որը հղում ունի պատժատեսակներին (տույժերին) հստակ վերապահում ունի հիմնական պատժատեսակների մասով, որտեղ տուգանային միավոր տույժի տեսակը ներառված չէ:

Հետևաբար ճանապարային երթևեկության կանոնի խախտման համար նշանակվում է մեկ հիմնական պատիժ (օրինակ` տուգանք) և մեկ լրացուցիչ` տուգանային միավոր: Այնպես, որ տուգանային միավորի կարգավորումը սահմանադրականության հետ կապված խնդիր չունի: Ավելին այն միջազգային լավագույն փորձն է: Այս ռեֆորմը անպայման հաջողելու է, եթե վերջինիս հետ փոխկապակցված այլ կոմպոնենտները ապահովվեն (ճանապարհների որակ, տրաֆիկի կարգավորում, իրավագիտակցության բարձրացում, հասարակության առողջացում և այլն):

Իներցիայով քլնգելը չի բխում պետության և պետականության շահերից: Անկախ քաղաքական քիմքից պետք է արձանագրել երկրի դրական զարգացումները: Եվ վերջում անպայման պետք է հիշել ռեֆորմի հեղինակներին, նրանք թավշյա դիլետանտներ չեն, այլ պետականամետ այրեր (Hovhannes Kocharyan , Армен Хачатрян (Արմեն Խաչատրյան) և այլն»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ