«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամենևին չեմ զարմանա, թե այս լուրը լիովին համապատասխանի իրականությանը։ Ի վերջո, ակնհայտ անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար շատ տրամաբանական է, որ հենց անբարո, շատ անբարո հնարքներ ու մեթոդներ օգտագործվեն։
Ամեն դեպքում, անբարո սպառնալիք տալը մի բան է, իսկ այն ի կատար ածելը՝ բոլորովին այլ։ Թե՛ քրեաիրավական, թե՛ ապացուցողական (որպես պետական «ինքնախոստովանություն») և թե՛ շատ ու շատ այլ իմաստներով։ Եվ առաջին «ռուբիկոնն» անցնողներից քչերը պատրաստ կլինեն անցնել նաև երկրորդը։
Մյուս կողմից, «սպառնալիքին» տրվելը շատ ավելի մեծ «ապացուցողական» նշանակություն կունանա հանրության մոտ, քան չտրվելը։
Ի վերջո, qui sine peccato est vestrum, primus in illam lapidem mittat.»:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել է․ «168.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալներին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը