168.am-ը գրում է․ «168.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալներին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում:
Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար:
Ժողովի ընթացքում քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին:
Եվ այս գործընթացի համակարգումը Նիկոլ Փաշինյանը դրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա:
Հաջողվել է պարզել, որ բոլոր դատավորների նկատմամբ ուժայինների կողմից արտաքին գաղտնի վերահսկողություն է իրականացվում, բացի այդ, նրանց տեղաշարժի բոլոր հնարավոր տարածքներն ու շփման միջոցները ևս վերահսկվում են տեսանկարահանող սարքերով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը