10 01 2020

Տոնական օրերին ստուգումներ են անցկացրել կալանավայրերում

Տոնական օրերին ստուգումներ են անցկացրել կալանավայրերում

Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներն անշեղորեն պահպանելու նպատակով տոնական և հետտոնական օրերին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է ուժեղացված ծառայություն, ինչի արդյունքում քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 07։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտու տարածքում հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում եղել են դրա ծանրությունն ապահովող 2 քար և առանձնացված 2 փաթեթ։ Վերջիններս պարունակել են 3,5 և 10,0 գրամ քաշերով սպիտակ դեղահաբեր, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված, ինչպես նաև անհիդրիդ հիշեցնող հեղուկով սրվակ։

2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկության արդյունքում դատապարտյալների կացարանում հայտնաբերվել է 27 լիտր ինքնաշեն գինու թուրմ։

Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Զ. Զ.-ին քաղաքացի Ա. Գ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է թութունի հետ խառնված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից ներկայացված հանձնուքի զննությամբ մեկանգամյա օգտագործման պլաստմասե 11 բաժակներում հայտնաբերվել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։

Հունվարի 8-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում շրջայցի ժամանակ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Ա. Գ.-ի մոտ նկատել են բջջային հեռախոս, որն առգրավվել է։ Հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է նաև 2 բաժանորդային քարտ։ Այնուհետ խցերում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դարակի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և wi-fi սարք՝ 2 բաժանորդային քարտերով, ինչպես նաև 15 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք։

Հունվարի 8-ին և 9-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձ Գ. Հ.-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է  բջջային հեռախոս, իսկ խցերից մեկի պահարանում՝ ինքնաշեն եղանակով պատրաստված դանակի նմանվող առարկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ