25 12 2019

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ հարցի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 26-ին

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ հարցի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 26-ին

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում հաղորդեց, որ Թավադյանի ձերբակալման հարցով որոշում դեռ չի կայացել։ Ձերբակալության բողոքի քննության նիստին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանքի միջնորդությունը։

«Առաջին բողոքի քննության ընթացակարգը սպառել ենք, ձերբակալման մասին քննարկումներ ունեցել ենք, վաղն առավոտյան ժամը 11-ին կշարունակվի գործի քննությունը կալանքի միջնորդության մասով։ Դատարանին խնդրել ենք ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար, հասկանանք հիմնավորումները, որպեսզի կարողանանք առարկել։

Բողոքարկել ենք՝ պնդելով, որ ձերբակալման որոշումն իրավաչափ չի եղել, քանի որ որևէ հղում, թե պարոն Թավադյանը ինչ գործողություն է կատարել, որն ապօրինի է, գործի նյութերում առ այս պահը չկա։ Այդ պարագայում անձին ոչ միայն չեն կարող ձերբակալել, այլև որևէ կարգավիճակով հարցաքննել»,- ասաց նա։

Փաստաբանը, պատասխանելով հարցին, թե ինչու է Արմեն Թավադյանին ձերբակալում ՀՔԾ-ն, եթե նա բարձրաստիճան պաշտոնյա չէ, ասաց․ «Դա մեր բողոքարկումների քննարկման առարկան է։ ՀՔԾ-ն այն մարմինն է, որն առավել մեծ անվստահություն է վայելում մեր մոտ»։

«Բոլոր դատավարական քննչական գործողությունները տեղի են ունեցել խախտումներով, բոլոր առիթով ներկայացվելու են բողոքներ։ Եթե լինի կալանքի որոշում, կբողոքարկենք»։

Անդրադառնալով Արմեն Թավադյանի տանը կատարված խուզարկությանը՝ Խուդոյանը նշեց․ «Խուզարկությանը մասնակցել եմ։ՀՔԾ-ն վաղուց արդեն տեղյակ է, որ նման գործելակերպն ապօրինի է, երբ վերցնում են դրամական միջոցներ, մարդու նյութական արժեք ունեցող առարկաներ, որոնք գործի հետ բացարձակ կապ չեն կարող ունենալ, այդ գործողությունները կրկին բողոքարկելու ենք»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ