Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը կասկածյալի կարգավիճակ ունի, ձերբակալման հիմքերը պարզ չեն, որովհետև ձերբակալման արձանագրության մեջ նշված չէ որևէ գործողություն, որը կատարվել է նրա կողմից, այլ նշված են այլ անձանց գործողություններ, և դրանք վերջում վերագրվել են պարոն Թավադյանին, այսինքն՝ որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր որ գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի։
«Եթե Վարուժանը Մկրտչյանն է ենթադրյալ հանցագործություն կատարողը ՀՔԾ-ի կարծիքով, և փորձում են են կապել դա Արմեն Թավադյանի հետ, ապա որևէ տարբերակված մոտեցումը մեզ կրկին կասկածների տեղիք կտա, որ ուղղորդված գործընթաց է Արմեն Թավադյանի դեմ»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ Արմեն Թավադյանը որևէ վերաբերմունք չի դրսևորել, ցուցմունք չի տվել, հրաժարվում է առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ, գտնում է, որ որևէ հիմք չկա իրեն հետապնդման ենթարկելու։
«Կարծում ենք, որ սա պարոն Թավադյանի քաղաքական գործունեության, ինչպես նաև որպես ԶԼՄ-ի սեփականատեր իր գործունեության հետ է կապված՝ վերջինիս լռեցնելու համար»,- ասաց Խուդոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը