Փաստինֆո-ն գրում է․ «ԱԺ նախկին նախագահ, անվանի մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանն ակնկալում է, որ ներողություն կխնդրեն` իրեն մեղսագրվող հանցագործության միջոցով իրեն վարկաբելու փորձի համար:Այս մասին Արա Բաբլոյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում:
«Ամեն ինչ այնքան պարզ է, բայց պարզ լինելով, որեւէ մեկը չունեցավ այդքան խիզախություն ու ազնվություն ասելու՝ պարոն Բաբլոյան իրականում համոզվեցինք, որ Դուք ճիշտ էիք: Ես հուսով եմ, որ եթե կա արդարություն, եթե կա ազնվություն, եթե կան արդար ու ազնիվ մարդիկ, կունենան այնքան դուխ, որ ընդունեն՝ իրականում Արա Բաբլոյանը չի արել խախտում, չունի դիտավորություն` ինչ-որ մի բան հապճեպ անել, Հրայր Թովմասյանին ընտրել: Թող բարի լինեն, բարձրաձայնեն ու ներողությունն էլ խնդրեն»,- «Փաստինֆո»-ին ասա Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ իշխանության յուրացման և 314-րդ-ն է՝ պաշտոնական կեղծիքի մասով։
Իր դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին Արա Բաբլոյանը որեւէ նորություն չունի: Լսել է՝ օրերս լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նաեւ այդ գործից են հարցրել: Վերջինս նշել է միայն, որ նախաքննություն է ընթանում: Այդքանը:
«Ես գիտեմ մի բան, որ ինքս արել եմ այնպես, ինչպես ամենուր եմ աշխատել, նույն մոտեցումներն են եղել թե վարչապետի ընտրության ժամանակ, թե երկրի նախագահի, թե ՍԴ նախագահի եւ թե այլ հարցերի: Եթե եղել են թղթաբանական որոշ գործավարական փնթիություններ , ապա դա որեւէ կապ չունի իմ աշխատանքի ոճի հետ, բայց իրավական խախտում, որը կարող է բերել նման մեղադրանքի, ես թույլ չեմ տվել եւ այդպիսի խախտում գոյություն չունի: Նույնիսկ այն պահը, որ ասում են, թե ես ամսի 2-ին ստորագրել եմ, բայց 5-ին է դրվել կայք, քանի որ 7 օր էր պահանջվում, եթե նույնիսկ 6-ը համարեն առաջին հայտարարություն, ես 2-րդ հայտարարությունը արել եմ ամսի 12-ին՝ 7 օրը պահպանված է, այսինքն իրավական որեւէ խախտում չկա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում շարունակեց Արա Բաբլոյանը:
Արա Բաբլոյանն արդեն իսկ նշել է՝ ոչ միայն Հրայր Թովմասյանի եւ Նիկոլ Փաշինյանի, պարագայում է նույն կերպ վարվել, այլեւ Ֆելիսք Ցոլակյանի, Արարատ Միրզոյանի, Արտակ Զեյնալյանի, Մանե Թանդիլյանի եւ բոլոր նրանց դեպքում, ովքեր ընտրվել կամ նշանակվել են կառավարության կազմում:
«Այո, կան մարդիկ, որոնք կարդում են ու հասկանում են, կան մարդիկ, որոնք չեն կարդում ու կան մարդիկ , որոնք կարդում են, չեն հասկանում: Բարեբախտաբար, Արա Բաբլոյանը, եթե մի բան կարդում է, հասկանում է: Եթե համարենք, որ այդ մարդիկ պետք է դիմում տային, ապա այդ մարդիկ կխախտեին մեր Սահմանադրությունը, որովհետեւ, եթե դիմում տալու ճանապարհով ենք գնում, իրենք դեռ 7 օր կհամարվեին պատգամավոր եւ, եթե 7 օր հետո հետ չեն վերցնում դիմումը, նոր է իրենց պատգամավորական լիազորությունները դադարում են, իսկ այդ մարդկանց պատգամավորական լիազորությունները, ում անունները ես հնչեցրեցի, իրավունքի ուժով են դադարել, որպեսզ գործընթացը շարունակվի եւ ԿԸՀ-ն կարողանա նոր մանդատ տրամադրել»,-բացատրեց ԱԺ նախկին նախագահը: Ըստ Բաբլոյանի, ամեն ինչ շատ պարզ է:
Արա Բաբլոյանը կարծում է, ստանդարտներ պետք փոխվեն, այնպես չպետք է լինի, որ ով ինչ ուզի՝ մարդու մասին ասի, վարկաբեկի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը