News.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով միջնորդությունն է ներկայացրել Արդարադատության նախարարություն և Կարգապահական հանձնաժողով։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ հենց ինքն է ներկայացրել միջնորդությունը։
«Կարծում եմ՝ Արդարադատության նախարարությունը, ունենալով վարույթ հարուցելու հնարավորություն, այս հաղորդումը պատշաճ քննարկման առարկա կդարձնի և վարույթ կհարուցի։ Կարգապահական պատասխանատվաության միջոցը նման իրավիճակներում բխում է արդար դատաքննության իրավունքից և արդարադատության շահերից»,-նշեց Վարդևանյանը։
Նա շեշտում է՝ հարցն անմիջապես Բարձրագույն դատական խորհուրդ հասցնել չեն կարող, ուստի միջնորդավորված դիմել են Կարգապահական հանձնաժողով և Արդարադատության նախարարությունը։
«Սա շատ ակնհայտ դեպք էր, երբ խոսում ենք, որ դատավորը ակնհայտ հիմք ունի ինքնաբացարկ հայտնելու և չի հայտնում, խոսքը գնում է մերձավոր ազգականի մասին, ակնհայտ կողմնակալության հիմքի մասին, բայց դատարանը այդ հարցը քննության առարկա չի դարձնում»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին: Վերջինին է մակագրվել Ռոբերտ Քոչարյանի կալանքը անհապաղ չվերացնելու որոշման դեմ նրա պաշտպանական թիմի Վերաքննիչ դատարան բերված բողոքը:
Քոչարյանի փաստաբանական թիմը նշել է, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության եւ կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները: Դատավորի որդին, որն իր հետ է բնակվում, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջեւ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին: Նշվում է նաեւ, որ դատավոր Արղամանյանը դատավորների վարկանիշավորման վատագույն քառյակում է. նրա վարկանիշը -10 է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը