18 10 2019

Արամ Վարդևանյանը կմիջնորդի պատասխանատվության ենթարկել Մհեր Արղամանյանին․Փաստինֆո

Արամ Վարդևանյանը կմիջնորդի պատասխանատվության ենթարկել Մհեր Արղամանյանին․Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն կներկայացնի Արդարադատության նախարարություն եւ Կարգապահական հարցերով հանձնաժողով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից էական կարգապահական խախտման վերաբերյալ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վարդեւանյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ նա Վերաքննիչ քրեական դատարանին էր բողոքարկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը, որով վերջինս մերժել էր անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Միաժամանակ Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին։ Վարդեւանյանի կողմից միջնորդությունների մուտքագրման օրը դատավոր Արղամանյանի կողմից մերժվել էր Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի կողմից ավելի վաղ ներկայացված մեկ այլ բողոք՝ ընդդեմ Աննա Դանիբեկյանի նույն՝ սեպտեմբերի 17-ի որոշման դեմ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արամ Վարդեւանյանը նշեց, որ իր բոլոր միջնորդությունները Վերաքննիչ քրեական դատարանը թողել է առանց քննության. «Ես ինքնաբացարկի երկու միջնորդություն եմ ներկայացրել, մեկը՝ Օրբելյանի եւ Խուդոյանի բողոքի, մյուսը՝ իմ կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքի շրջանակում: Դրանցից ոչ մեկը որպես միջնորդություն քննության առարկա չի հանդիսացել»: Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է դատարանը նման որոշում կայացրել, Արամ Վարդեւանյանը պատասխանեց, որ ինքը հիմնավորում չի ստացել. «Ավելին, ինձ որոշում չի տրամադրվել, տրամադրվել է գրություն, այսինքն՝ պրն Արղամանյանը որոշել է իմ վերաքննիչ բողոքին պատասխանել գրությամբ»:

Վարդեւանյանի խոսքով՝ դրանում նշվում է, որ ինքնաբացարկի միջնորդությանը դատարանն այնուամենայնիվ չի անդրադառնում, իսկ իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի քննվում, քանի որ Օրբելյանի եւ Խուդոյանի վերաքննիչ բողոքն արդեն քննության առարկա է հանդիսացել. «Եվ այսպես է իրականացվել արդարադատությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր պրն Արղամանյանի կողմից: Կարելի է հետաքրքրության համար տեսնել, թե նման պրակտիկա երբեւէ եղել է թե ոչ, ես ինքս չեմ հանդիպել, իմ գործընկերներին էլ հարցրի, նրանք՝ եւս: 

Այսինքն՝ դատավորը, մինչեւ իր որոշում կայացնելը տեսնելով ինքնաբացարկի ակնհայտ հիմքեր, որոնք վերաբերում են իր հետ համատեղ բնակվող զավակի գործողություններին, սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ չի հայտնում, իսկ իմ կողմից ինքնաբացարկի միջնորդության նախաձեռնության մասին հրապարակային ասվել էր, եւ  դրա ֆորմալ ներկայացնելուց ժամեր ավելի շուտ արդեն որոշում էր կայացվել ավելի վաղ ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, որից հետո արդեն իմ միջնորդությունները քննարկման առարկա չեն դարձել»,-նշեց Վարդեւանյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ իրավական գործընթաց կսկսի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ