Tert.am-ը գրում է․ «Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացը հակասահմանադրական է: Խախտումներով ու հակասահմանադրական փաստաթուղթ է ԱԺ-ն ներկայացրել ՍԴ-ին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:
«Այդ գործընթացը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներին, և հակասում է ոչ միայն բովանդակային, այլև ընթացակարգային տեսանկյունից: Հիմնավորելով ասեմ, որ իշխող խմբակցությունը ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման գործընթաց կարող է մեկնարկել էական կարգապահական խախտումը հայտնաբերելուց հետո երկշաբաթյա ժամկետում, բայց այդպես չի արվել: Գործի քննություն է ընթացել, ՍԴ-ն որոշում է կայացրել, որը իշխանության համար եղել է ոչ ցանկալի և որպես ճնշող ռեպրեսիվ մեխանիզմ արդեն կոնկրետ դատավորի նկատմամբ մեկնարկում է տվյալ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, այն պարագայում, որ ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, մեկ դատավորը տվյալ որոշման վրա վճռորոշ դեր չէր կարող ունենալ»,-ասաց Մելոյանը:
Անդրադառնալով ԱԺ արդեն ընդունված նախագծում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար վկայակոչված հիմքերին՝ Գոհար Մելոյանն ասաց, որ նշված չորս հիմքերը հիմնավոր չեն:«Առաջինն այն է, որ Արամ Օրբելյանը քավոր-սանիկական հարաբերություն ունի Հրայր Թովմասյանի հետ, այս հիմնավորումը բերվում է այն պարագայում, երբ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ է հանդիսացել Արամ Վարդևանյանը՝ այլ անձ: Ընդ որում, Հանրային ծառայության մասին օրենքը թվարկում է մերձավոր ազգականների շրջանակը, որոնք հնարավոր շահերի բախման հիմք կարող են հանդիսանալ, որոնց թվում քավորսանիկական հարաբերությունները չկան, այսինքն` այդ փաստը իրավական հիմք չունի:
Մյուսը՝ Հրայր Թովմասյանի քաղաքական առնչություն է ՀՀԿ-ին, մինչդեռ ՍԴ մասին օրենքը սահմանում է, որ դատավորները կաշկանդված են քաղաքական զսպվածությամբ, և իրենք պարտավոր էին տվյալ դատավորի՝ դատավոր դառնալուց հետո քաղաքական առնչությունը հիմնավորեին, բայց նման մեկ փաստ անգամ ներկայացված չէ: Մյուսը նշվում է, որ նախկինում Թովմասյանը 2008-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություններ է արել, այս պարագայում կրկին զավեշտի խնդիր է, որովհետև ՍԴ-ում գործը քննվում է քրեական դատավարության երկու հոդվածների սահմանադրականության հարցը, և բովանդակային տեսակետից գործը աղերս չունի Մարտի 1-ի հետ: Չորրորդը, որ նշված է նախագծում, Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունն է Հրայր Թովմասյանի և ևս երկու դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Այս դեպքում Վահե Գրիգորյանը տվյալ միջնորդությունը ներկայացրել է ՍԴ-ի մասին օրենքի խախտմամբ»-ասաց Մելոյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ն սահմանադրական մարմին է, սահամանափակված է սահմանադրական օրենքներով, հստակ դեպքեր ու ընթացակարգ կա, թե երբ կարող են կոնկրետ դատավորի նկատմամբ լիազորությունների դադարեցման գործընթաց սկսել:
«Այս պրոցեսն այդ դեպքերի ու ընթացակարգերի մեջ չի մտնում, իրենք որոնել են, որոշակի պրոցես են սկսել՝ խեղաթյուրելով նորմերն ու ընթացակարգերը, խախտել են զսպման ու հակակշռման մեխանիզմը: Սա նշանակում է, որ իրենք կարող են երկրում սահմանադրականության ճգնաժամ ստեղծել: Իրենց գործընթացն էլ հաջորդել է իրենց ոչ հաճո որոշմանը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը