25 09 2019

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վճռաբեկ բողոքը, որը ներկայացվել է 2019թ. մայիսին սահմանադրական դատարանի կողմից Քոչարյանի օգտին կայացված որոշումից հետո: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, որով Քոչարյանի օգտին որոշում է կայացվել, վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշելուն:

Այսպես, 2018 թվականի հուլիսի 27-ին առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը, որոշել էր այն բավարարել, սակայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն օգոստոսի 13-ին որոշել էի նրան ազատ արձակել անձեռնմխելիության հիմքով:

Այս որոշումը վճռաբեկ դատարան էին բողոքարկել թե՛ դատախազությունը, թե՛ Քոչարյանի պաշտպանները: 2018 թվականի նոյեմբերի 15-ին վճռաբեկ դատարանը, քննելով բողոքները, որոշել էր դատական ակտը բեկանել և գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Արդյունքում, Քոչարյանին նորից կալանավորելու որոշում էր կայացվել:

Քոչարյանի պաշտպանական թիմը, սահմանադրական դատարան դիմելու հիմք էր տեսել, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ»: Ուստի, ըստ պաշտպանների, վճռաբեկը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը բեկանել և այն նույն դատարան ուղարկելու լիազորություն չուներ:

Սահմանադրական դատարանը, քննելով Քոչարյանի պաշտպանների դիմումը, եզրակացրել էր, որ Քրեական դատավարության 419-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ դատարանի կողմից գործը ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է: Վճռաբեկ դատարանը, սակայն, վերջնական որոշում չի կայացրել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթները կիրառվել են Սահմանադրական դատարանից տարբերվող մեկնաբանությամբ, ՍԴ-ն եզրակացրել էր, որ դիմողի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման:

Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանի այս որոշումը որպես նոր հանգամանք դիտարկելով` իրենք նորից բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, ինչը վարույթ է ընդունվել և վերանայման վարույթ հարուցել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ