Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Եղեգնաձորում ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հ.Գ.-ն:
«Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն:
Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը