17 09 2019

ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան․ Politik.am

ՀՔԾ-ն բամբասանքների Է հետևում. Հովհաննես Խուդոյան․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունը հետևում է ինչ-որ լուրերի, բամբասանքների, նախկինում տարածված զանգվածային լրատվական միջոցների ինչ-որ անհայտ հրապարակումների, սակայն ռեալ փաստերը անտեսում են: Եթե պարոն Խաչատրյանը մի փոքր ավելի հետևողական լիներ նման պատասխանատու հայտարարություն անելու հարցում, կտեսներ, որ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարություն չի արել:Փորձում են գործում դեռևս չհիմնավորված վարկածներով ինչ-որ բացահայտումներ հրամցնել հասարակությանը՝ թեման շեղելու համար, բայց մենք տեսնում են, որ մեկ տարի անցել է, և դրանից նորություն չկա»,- Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն՝  անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն խաչատրյանի՝ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի գործի վերաբերյալ հայտարարությանը: 

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետն ասուլիսի ընթացքում ասաց, որ Տիգրան Աբգարյանին սպանել է հատուկ ջոկատային, որպեսզի հիմանվոր լինի նախագահ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները մարդ են սպանել։ Օրերս դատարանում նախագահ Քոչարյանն էլ նշեց, որ ինքը նման բան չի հայտարարել, մարտի մեկին իր հայտնի ասուլիսի տեսագրությունները ապացուցում են իր խոսքը:

«Եթե չեմ սխալվում, ինչ-որ լրատվամիջոցի Սասուն Խաչատրյանը այս կապակցութամբ պատասխան էր տվել՝ նշելով, որ այս գործի հետ բոլոր ապացույցներն ուղղարկվել են դատարան: Այս գործում չկա որևէ ապացույց, որով հաստատված լինի որևէ անձի մահվան հանգամանքը: Դա հերթական ապատեղեկատվությունն է, առավել ևս չկա որևէ ապացույց որը կարող է կապվել պարոն Քոչարյանին:Այս գործը ի սկզբանե հանրության համար շատ զգայուն հարցերով փորձել են ծանրաբեռնել, բայց առաջադրված մեղարանքի իրավական էության հետ որևէ կապ չունեն այդ հայտարաությունները: Այսինքն՝  ունենք սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով քրեական գործ, ու որևէ անձի մահվան հանգամանքը դրա հետ կապված չէ: Ինչ վերաբերում է Տիգրան Աբգարյանին, մենք գործում ունենք նյութեր, որոնք կարող են բազմաթիվ վարկածների հիմք հանդիսանալ: Ունենք հենց ոստիկանների ցուցմունքները, որոնք կամ իրար հակասում են, կամ՝ փոխլրացնում, կան ոչ միշտ ճիշտ ընկալված ցուցմունքներ, որոնք նկարագրում են Աբգարյանի գնդակից խոցվելու պահը, ունենք նաև ցուցմունք ոստիկանական զորքերի հրամանատարի կողմից»,- ասաց Խուդոյանը:

Նրա խոսքով՝ նման պնդումներ կատարելը, այն էլ դատավարության այս փուլում, մեծ ծավալի ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է, ինչը միակ հույսն է ինչ-որ տպավորություն ստեղծելու համար։

Հարցին, թե ինչո՞ւ են որոշ շրջանակներ փորձում ստեղծել տպավորություն, որ սպանությունը տեղի է ունեցել, որպեսզի ապացուցվի նախագահի չարած հայտարարությունը, պաշտպանն ընդգծեց, որ դրա ակունքները պարզ են, սակայն հիմա առանձին մեղադրանքներ չի հնչեցնի, քանի որ չի ցանկանում  գործել ՀՔԾ-ի ոճով` առանց հիմանավորումների, բայց ամեն դեպքում, կասկածները կան։

«Այդ օրը յուրաքանչյուր մահացած անձի մահվան հետ կապված փորձել են ներկայացնել իշխանությունների մեղավորությունը։ Օրինակ՝  եթե մարդ է մահացել, դա ոչ թե ոստիկանի կողմից տեղում կատարված անփույթ գործողության հետևանք է, այլ իշխանության, վերադասների կողմից տրված՝ մարդկանց հատուկ խոցելու հրաման։ Սրանք անտրամաբանական դատողություններ են։ Երբ տեսնում ենք Տիգրան Աբգարյանի մասով դրվագները, ով կարծես թե ցույցերի անմիջական մասնակիցը չէ, ոստիկանության զինծառայող է, զոհվում է, և դեռևս պարզ չէ, թե ում կողմից է սպանվել, սակայն նշում են, որ կրակողը կարող էր պետության կողմից ուղղարկված հատուկջոկատային լինել։ Երբ կապիտան Համլետ Թադևոսյանը ցուցարարների դիրքերի կողմից ուղղարկված նռնակի պայթյունից վնասվածքներ է ստանում, հետո մահանում, կրկին ինչ-որ վարկածներ են առաջ քաշվում, որ ցուցարարի մոտ չէր կարող նռնակ լինել, դա կարող էր լինել ոստիկանության հատուկ միջոց, մինչդեռ մինչ օրս անցկացված բոլոր փորձաքննությունները պարզել են, որ Թադևոսյանը մահացել է գուցե ինքնաշեն, գուցե մարտական նռնակի պայթյունից»,- ասաց Խուդոյանը։

Ըստ նրա՝  ցանկացած դեպքում չեն ցանկացել առնվազն երկու կողմի մեղավորություն ցույց տալ, այլ բախումների հետևանքով տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան հանգամանքները փորձել են կապել պետության, իշխանությունների հետ։

«Այսօրվա դրությամբ` 11 տարի անց դեռևս չունենալով գոնե մեկ անձի մահվան բացահայտված և փաստարկված տվյալներ, կրկին շարունակում են այն պնդումները, որ ամեն ինչի մեղավորը իշխանություններն են եղել»,- եզրափակում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ