08 09 2019

Նորմերը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալի. Արթուր Ղամբարյանը` ՍԴ որոշման մասին

Նորմերը պետք է մեկնաբանել հօգուտ մեղադրյալի. Արթուր Ղամբարյանը` ՍԴ որոշման մասին

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի դիմումի գործով ՍԴ որոշմանը: Նա գրում է․

«Նախ՝ ՍԴ-ն իրավացիորեն ուղղել է ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածում օգտագործվող և սխալ մեկնաբանությունների տեղիք տվող որոշ տերմիններ՝ «Կարգավիճակից բխող» ձևակերպման փոխարեն օգտագործել է «Կարգավիճակից և գործունեությունից բխող» ձևակերպումը, իսկ «գործողություն» բառի փոխարեն՝ «գործողություն և անգործություն» ձևակերպումը:

Չանդրադառնալով որոշման մեջ առկա խիստ վիճահարույց մոտեցումներին՝ պարզապես մեջբերեմ շատերին հետաքրքրող հարցին վերաբերող՝ ՍԴ հետևյալ դիրքորոշումները:

1) Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնաթող Հանրապետության նախագահին ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է ԲԱՎԱՐԱՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից (4.3 կետի 7-րդ պարբերություն):

2) Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող (4.1 կետի վերջին պարբերություն):

3) Օրենսգրքում ընդհանրապես բացակայում են ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատել, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՑ ՎԵՐԱԳՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ԿԱՄ ԲԽԵԼ Է ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱ ԿԱՄ ՆԱԽԿԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ, թե՝ ոչ (4.3 կետի 4-րդ պարբերություն):

4) ՕՐԵՆՍԴԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան ի հավելումն ընդհանուր պահանջների, ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ, ՈՒՍՏԻ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ (4.3 կետի 8-րդ պարբերություն):

5) Հաշվի առնելով Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԸ և Օրենսգրքի 35-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայությունը` ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՅԴ ԴՐՈՒՅԹԻ (ՀՀ Սահմ. 66 հոդված՝ Ա.Ղ.) ԿԻՐԱՌՈՒՄԸ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՊՈԶԻՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (4.5 կետի 3-րդ պարբերություն):

Հարց՝ հատուկ և անհրաժեշտ կարգավորումների բացակայության պայմաններում ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավասու էր կամ ՈՒՆԱԿՐ ԷՐ արդյոք գնահատելու, թե գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց վերագրվող արարքը բխում է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:

Պատասխան՝ կարծեք, թե ՍԴ-ն փորձում է ասել, որ հարուցվելիք հետապնդման իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջների բացակայության (1), կամ հատուկ և անհրաժեշտ կարգավորումների բացակայության (2) կամ պոզիտիվ-իրավական ձևակերպումների բացակայության (3) պայմաններում որևէ իրավակիրառ մարմին ունակ չէ գնահատելու, թե վերագրվող արարքը բխել է անձի կարգավիճակից կամ գործունեությունից, թե ոչ:

Իրավաբանների մոտեցումները, բնականաբար, կլինեն տարբեր և հակասական, սակայն, մի բան հստակ է՝ իրավական նորմերի և դիրքորոշումների էական անորոշության և անհստակության (իրավական որոշակիության սուր դիֆիցիտի) պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել և կիրառել ի օգուտ մեղադրյալի (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն: Մաս 1. Խումբ: Գիտ. խմբ. Ա. Ղամբարյան. 2-րդ լրամշակված հրատ., Եր. 2017, Էջ 100)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ