05 09 2019

ՍԴ որոշումը բավարար է, որ քննարկվի խափանման միջոցը. Ռուբեն Մելիքյան․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «Առաջին անգամ չէ, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման եզրափակիչ մասին, համաձայն որի Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխան:

«Սահմանադրական դատարանում ամբաստանյալի աթոռին ոչ թե մարդիկ են, այլ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Այն չի կարելի համարել սովորական դատարան: Ձևակերպումը, որ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասում տեսնում ենք, շատ տրամաբանական է, հասկանալի է, և մինչ այդ, ձեռնպահ եմ մնում կանխատեսում անելուց, այս պահին միայն եզրափակիչ մասով ասելով՝ շատ հասկանալի էր առնվազն քրեական դատավարության մասնագետների և շատ իրավաբանների համար: 

Ես կարծում եմ, որ այստեղ աշխատել է պարզ մեխանիզմ, Սահմանադրությունը նախատեսում է  երաշխիք, բայց այդ երաշխիքը չի իջել, օրենքի մակարդակում չի ամրագրվել, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացրել է կամ կարող  էր առաջացնել որոշակի բացեր, ինչին անդրադարձել է Սահմանադրական դատարանը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե, այսինքն` օրենքի բաց կա՞, և անվավեր ճանաչված մասը, ոչ թե նորմն է, ինչպես է գոյություն չունեցող մասը ճանաչվել հակասահմանադրական ու անվավեր,  այլ օրենքի բացը, Ռուբեն Մելիքյանը դրական պատասխան տվեց. «Նման քննադատություն լսել եմ, սա կարևոր հարց է, բայց սա նոր հարց չէ, այստեղ մենք ոչ թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ-ն մի նոր բան արեց, այլ ուղղակի շարունակում է տարիներ ի վեր ձևավորված իրավունքը: Ամենևին նոր բան չէ, երբ ՍԴ-ն  հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Նման պրակտիկա ունենք, բազմաթիվ:  ՍԴ-ն մի շարք դեպքերում, այդ թվում նաև Քրեական դատավարությանը վերաբերող հարցերում հակասահմանադրական է ճանաչել որոշակի երաշխիքի բացակայությունը»:

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով առանձնացված մասով նիստը նախատեսված է սեպտեմբերի 12-ին, նոր հանգամանք կա՝ ՍԴ-ի որոշումը, ինչ պետք է անի դատարանը, պետք է սպասի՞, որ օրենսդրական փոփոխություն արվի, թե՞ պետք է քննության առնի խափանման միջոցի հարցը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դա որոշման երկրորդ թևն է. «Մենք այս պահին չենք կարող որևէ դատողություն անել, թե կոնկրետ անձի՝ տվյալ դեպքում 2-րդ նախագահի դիմումի դեպքում ինչ իրավական գնահատականներ ու հիմնավորումներ է տվել ՍԴ-ն, որովհետև այս պահին բացառապես որոշման եզրափակիչ մասն է հրապարակված: Չեմ կարծում, որ այստեղ ճիշտ է կանխատեսումներ անել, միայն մի բան եմ ուզում նշել, որ քանի որ նոր հանգամանք է ՍԴ որոշումը, կոնկրետ դրույթ է հակասահմանադրական ճանաչվել, այս հանգամանքը ինքին բավարար է, որպեսզի սեպտեմբերի 12-ին սկսվող դատավարությանը առաջին հարցերից մեկը, եթե ոչ առաջին հարցը, քննարկվի խափանման միջոցը»:

Անդրադառնալով ՍԴ-ի և արդարադատություն իրականացնող մարմինների վրա ճնշումներին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տարբեր դրսևորումներով ճնշումներ կան, քրեական մեխանիզմն են աշխատեցնում, և այն, որ ՍԴ դատավորները կարողացել են այդ լրջագույն ճնշումներին դիմագրավել, դա պետականության համար շատ կարևոր է, և ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար. «Իրավական պետության դրոշն այսօր ՍԴ ներկայիս կազմի ձեռքերում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ