Ստամբուլյան կոնվենցիան այս տարի Ազգային Ժողով չի գա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հարցին՝ ներկայումս Ստամբուլյան կոնվենցիայի գործընթացն ինչ փուլում է, Բադասյանը պատասխանեց.
«Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ազգային Ժողով հասնելու, որովհետև ընթացակարգի համաձայն հնարավոր չէր, որ այն գար ԱԺ։ Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև Կառավարությունում կրկին քննարկենք, մինչև ուղարկենք Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի։ Կարծում եմ, որ այդ թեման իրեն բավականին սպառել է։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն էլ հնչել են»։
Բադասյանը նաև նշեց, որ անցումային արդարադատության ճանապարհային քարտեզն այսօր կամ վաղը կհրապարակվի. «Այսօր դատական օրենսգրքում և հարակից օրենքում փոփոխությունների փաթեթն ու լրացումներն ավարտում են: Լրամշակված տարբերակի թարգմանությունը կապահովենք և կուղարկենք Վենետիկի հանձնաժողով, որովհետև մայիսին նախապես այդպիսի պայմանավորվածություն է եղել»։
Նախարարն ասաց, որ դատական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված քննադատություններին հետևել է, և այդ մասով հնարավոր են որոշակի փոփոխություններ.
«Իհարկե, հետևել ենք քննադատություններին, այնտեղ նույն ձևակերպման մեջ տեխնիկական վրիպակ կա աշխատավարձ և կենսաթոշակ տերմինների հետ կապված, դա կշտկենք, բայց գաղափարից չենք հրաժարվի, քանի որ գաղափարը նորմալ, միջազգային պրակտիկայում ընդունված է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը