«Դա ոչ միայն իրավական, այլև բարոյական չէ, ո՞նց կարելի է նման բան անել, դա ճնշում է դատարանի վրա, կաշառք՝ գումարած ճնշում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող այն փոփոխությանը, ըստ որի՝ ՍԴ այն դատավորները, ովքեր հրաժարական կտան օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կպահպանեն իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը։
«Բայց ես չեմ կարծում, թե ՍԴ դատավորները կգնան այդ քայլին, որովհետեւ դա շատ նվաստացուցիչ առաջարկ է, ո՞ւմ փողն են տալու, հարկատուների՞»,- ասել է նա։
Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունների փաթեթին ինքն ամբողջությամբ դեռ չի ծանոթացել, բայց դրանցում կետեր կան, որոնք ինքը անընդունելի է համարում.
«Դատավորի համար նույնիսկ 28 տարեկանը լուրջ չէ, նորմալ երկրներում 35-40 տարեկանից են համարվում դատավոր»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ 35 տարեկանից շուտ դատավոր նշանակելը խելամիտ չէ.
«22 տարեկանում համալսարանն ավարտում են, այդպես է՝ թող տարիքային շեմը մինչեւ 22 իջեցնեն։ Դա անլուրջ է։ Դատավորը պետք է ունենա կյանքի փորձ։ Գիտելիքները շատ քիչ են դատավոր լինելու համար։ Ավստրալիայից մի դատավոր ինձ պատմում էր, որ իրենց մոտ դատավոր լինելու համար պայման է առնվազն 2 երեխա ունենալը, բանկում հաշիվ ունենալը, փաստաբան աշխատած լինելը, այսինքն՝ չի կարելի փողոցից երիտասարդ մեկին բռնել, դատավոր նշանակել, գուցե նա բարոյական շատ բարձր որակներ եւ մասնագիտական բարձր գիտելիքներ ունենա, բայց կյանքի փորձը շատ կարեւոր է, ինչպես «Սայաթ Նովա» ֆիլմն է ասում՝ անշնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում. սա շատ խելացի դատողություն է»,-ասաց Հովհաննիսյանը։
Խոսելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքուmմ առաջարկվող այն փոփոխությունից, որով դատավորները իրավունք են ունենալու խորհրդի կարգով դիմել գործի ելքում չշահագրգռված մասնագետի, Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ դա շատ բարդ հարց է.
«Հատկապես քաղաքական երանգ ունեցող գործերով ամբողջ ազգը շահագրգիռ է, օրինակ, ժողովրդի մի մասը դեմ է Քոչարյանին, ինչ-որ հատված էլ կա, այսպես ասած, կողմ է, հիմա ինչպե՞ս պիտի որոշեն... Դատավորները գործող օրենսդրությամբ ունեն լայն լիազորություններ, ի՞նչ խնդիր կա ախր, չեմ հասկանում»,-ասաց ՍԴ նախկին անդամը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը