Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ 2019 թվականի օգոստոսի 2-3-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի խնդիրների ու դրանց լուծումների մշակմանն ուղղված արտագնա աշխատանքային քննարկում: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, պետական կառավարման համակարգի մարմինների, Դատական դեպարտամենտի, Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ:
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգություն սահմանելու նպատակահարմարությանը, նորմատիվ իրավական ակտերի փորձաքննությանը, պաշտոնական պարզաբանումներին, նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանմանը և իրավական կոլիզիաների հաղթահարման ընթացակարգերին, ԵԱՏՄ շրջանակում ընդունվող իրավական ակտերի կարգավիճակին և այլ հարցերին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կապակցությամբ առաջացող խնդիրների քննարկումից բացի անդրադարձ է կատարվել նաև նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման համակարգի ներդրման հարցին: Հարկ է նշել, որ Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածում որպես միջոցառում է նախատեսվել նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման ապահովման նախադրյալների ստեղծումը, որն իրականացվելու է նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման կարգ սահմանելու մասին լիազորող նորմի ամրագրմամբ և նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկման իրականացման կարգի սահմանմամբ:
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել իրավական մշտադիտարկման բովանդակության, հնարավոր ուղղություններին, միջազգային փորձին և այլ հարցերի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը