ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքի ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1974թ., մյուս երկուսը Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963 և 1966թթ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը