Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։
Նախնական տվյալներով՝ Հարթագյուղի համայնքապետը 2014-2019 թվականներին համայնքի երկու բնակչի ձևակերպել է համայնքապետարանի սանտեխնիկ ու բակապահ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ որպես աշխատավարձ փոխանցված 9․940․310 դրամը համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2014-2017 թվականներին համայնքի ղեկավարը մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ յուրացնելով այդ կապակցությամբ դուրս գրված կես միլիոն դրամը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Հարթագյուղ համայնքի ավագանու անդամներից 3-ը 2015-2019 թվականներին գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը