Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների համար մտահոգիչ է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունն ու նյութերի առգրավումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Նշվեց և դատախազության կողմից չհերքվեց, որ առգրավվել են այն նյութերը, որոնք վերաբերում են պարոն Քոչարյանի վերաբերյալ գործին։ Սա ազդակ է մեզ համար անհանգստանալու։ Չգիտես ինչու՝ այս խուզարկությունը համընկավ նրա հետ, որ մենք նյութեր էինք ներկայացրել խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին»,- ասաց փաստաբանը և հավելեց․ «Օրենքը և իրավունքը պահանջում է, որ պետք է անձի ազատության մասին գործը քննվի անհապաղ։ Հիմա այդ նյութերն առգրավվել են, մենք դրանք ամբողջ ծավալով էլի ունենք, կներկայացնենք նորից»։
Ինչ վերաբերում է փաստին, որ գրավի միջնորդության քննումը ձգձգվում է, փաստաբանն ասաց, որ այդ մասին հայտարարություն են տարածել և համարում են, որ գործընթացի միակ ձգձգողը վերաքննիչի դատավոր Դանիելյանի աշխատակազմն է։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ մարտի 1-ի վերաբերյալ գործը կասեցնելու և Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ դիմելու որոշմանը, փաստաբանն ասաց, որ, այնուամենայնիվ, վերջնական որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը, միջազգային նշված կառույցները տրամադրելու են խորհրդատվկան կարծիք։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ռոբերտ Քոչարյանի և փողոց տանկեր հանելու մասին, Հովհաննես Խուդոյանն ասաց․ «Ամբողջ գործի մեջ չկան նյութեր, որ Երևան քաղաք են մտել տանկեր, Նիկոլ Փաշինյանի ասածն ապատեղեկատվություն է»։
Վերաքննիչ դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։ Պատճառն այն էր, որ դատախազները չէին ներկայացել քննությանը։
Նիստին ներկա էր երկրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:
Դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին։
«Մեր պնդմամբ, բողոքն անհիմն է և առհասարակ ամոթալի էր նման բողոք ներկայացնել»,- լրագրողներին ասաց Հովհաննես Խուդոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը