Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Փաստաբանը նշել է, որ խուզարկություն է իրականացվել ոչ միայն Դավիթ Գրիգորյանի, այլեւ նրա օգնականի և գործավարի աշխատասենյակներում և առգրավվել նրանց համակարգիչները։ Արդյունքում ըստ Մելիքյանի՝ կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը եւ խոչընդոտվել արդարադատության իրականացմանը։
«ՀՔԾ–ի գործողությունները ոչ իրավաչափ են, դատարանի որոշմամբ թույլատրվել է խուզարկություն իրականացնել միայն դատավորի և օգնականի աշխատասենյակում, սակայն նրանք առգրավումներ են կատարել նաև գործավարի աշխատասենյակից, ինչի թույլտվությունը չունեին, նրանք առգրավվել ենք բոլոր համակարգիչները»,– ասել է փաստաբանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կապակցությամբ դիմել են ԲԴԽ–ին։
«Մենք ներկայացրել ենք անհերքելի և ակնհայտ խախտումներ և եթե դատավորի օրինական շահերին և անկախությանը վտանգ է սպառնում, ինչը այս պարագայում փաստ է, ԲԴԽ–ն պետք է դիմի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցելու կամ այդ իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի»,– ասել է նա։
Անդրադառնալով այն քրեական գործին, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը ստացել է խուզարկություն իրականացնելու թույլտվություն, փաստաբանը նշել է, որ այդ գործի հարուցումը մերժել է դեռևս 2019թ. փետրվարի 18–ին։
Ըստ փաստաբանի՝ դատախազը հաստատել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը և այն մտել է ուժի մեջ.
«Սակայն երբ Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, դրանից հետո ՝ մայիսի 22–ին, դատախազությունն իբրև նոր դիմում է ստանում և վերսկսում է գործի քննությունը՝ վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Այս ամենը նախապես ծրագրված և իմ կարծիքով՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով ազդեցություն գործադրելու ուղղակի միջոց է, քանի որ խուզարկության ժամանակ բացառապես առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ»։
ՔԾ–ն հայտնել էր, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը