NEWS.am-ը գրել է. Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ արձանագրությունն անհրաժեշտություն էր, այն պետք է ընդունել, որպես սթափեցնող կոչ։ Այս կարծիքին է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի վերջին արձագանքը։
- Որպես իրավաբան ինձ համար սպասելի և ողջունելի էր այս արձանագրությունը, քանի որ տևական ժամանակ իրավական հանրության շրջանակում նոնսենս իրավիճակ էր։ Այս ընթացքում իրավաբանների կողմից բազմաթիվ հայտարարություններ հնչեցին սահմանադրական նորմերի խախտման վերաբերյալ, սակայն դա ընկալվեց, որպես քննադատական խոսք և արդյունք չտվեց։ Այս իրավիճակում միջազգային նման կառույցի արձագանքը՝ փաստաթղթի տեսքով, անհրաժեշտություն էր և այն պետք է սթափության կոչ լինի իշխանությունների համար։ Իրականում սա սև ու սպիտակի խնդիր չէ. իրավական պետության համար սահմանված են գործունեության շրջանակներ, կան գործառույթների սահմանափակումներ, որոնց յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է հետեւել, հակառակ դեպքում ՝ հետեւանքները շատ ավելի ծանր կարող են լինել։
-Դատելով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունից՝ ՀՀ իշխանությունը համաձայնել է, որ դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի, մինչդեռ հանրությանը տեւական ժամանակ է նույն իշխանությունները պատրաստում էին վեթինգին:
- Իրականում իշխանությունները, չպատկերացնելով, թե ինչ է վեթինգը, առանց խորը ուսումնասիրություն անելու, ձեռնամուխ եղան օրենսդրական փոփոխությունների։ Իսկ հանձնաժողովն արձանագրել է, որ պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Մեր երկրում արդեն երկար տարիներ գործում է պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, դրա հիման վրա ունենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի հետ կապված օրենսդրական դրույթները կյանքի կոչելու հարցը մինչ օրս չի լուծվել։ Հայտարարագրման ինստիտուտը վեթինգի մի տարր է եւ զեկույցում հենց դրա մասին է խոսվում, որ պետք է հայտարարագրման ինստիտուտն ուժեղացնելով դատարանների նկատմամբ վեթինգ իրականացնել։ Փաստորեն ՀՀ իշխանությունները, որոնք գլոբալ փոփոխություններ էին պատրաստվում իրականացնել, եկել են այն համոզման, որ Հայաստանում գործող իրավական մեխանիզմները պետք ուժեղացվեն հայտարարագրման ինստիտուտի եւ դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերի ամրապնդմամբ։
-Վարչապետի կոչով դատարանները արգելափակելու գործողությունների հետ կապված թեեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ընդունել է, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն պնդել է, որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխան: Այս գնահատականն արդյոք նշանակո՞ւմ է, որ վարչապետի կոչն ու դրան հաջորդած գործողությունները հակասահմանադրական էին:
- Վենետիկի հանձնաժողովը փորձել է փաստաթղթում հնարավորինս մեղմ որակել ՀՀ–ում տեղի ունեցած գործողությունները, սակայն այն, որ դրանք հակասահմանադրական գործողություններ էին, նույնիսկ ամենացածր իրավագիտակցությամբ մարդը կարող է հաստատել։ Մեր սահմանադրությամբ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը. յուրաքանչյուր իշխանության թեւ առանձին է գործում եւ մեկը մյուսի վրա որեւիցե եղանակով ներգործելու իրավունք չուներ։ Վենետիկի հանձնաժողովը որպես այդ գործողությունները գնահատելու հիմք նշել էր երկրորդ նախագահի նկատմամբ կայացված դատարանի որոշումը։ Հանձնաժողովը ուղղակիորեն նշել է, որ այդ որոշման արդյունքում է կայացվել դատական համակարգի նկատմամբ նման գործելաոճ որդեգրելու երեւույթը։ Այսինքն այդ որոշման արդյունքում վարչապետն անձնական վերաբերմունք է դրսեւորել: Ըստ Վենետիկի հանձնաժողովի, որքան էլ մեծ լինի դատարանների նկատմամբ անվստահության մակարդակը, գոյություն ունեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք հնարավոր է կյանքի կոչել եւ որ պետական մարմինների կողմից նման րոպեական որոշումներ կայացնելն անթույլատրելի է։
-Վենետիկի հանձնաժողովը մտահոգիչ է համարել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս գնահատականը։
- Վահե Գրիգորյանի հայտարարությունն այնքան պրիմիտիվ էր, որ իրավաբաններ կային, որոնք ոչ հարիր են համարում այդ հայտարարությունը մեկնաբանելը։Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ այդ հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից, այն որակելով դատավորների գործունեությանը միջամտելու ռիսկ եւ նշել է, որ անկախ Գրիգորյանի հայտարարությունից, ՀՀ օրենսդրությամբ հստակ եւ աերկբա կարգավորված է դատարանի անդամ եւ դատավոր հասկացությունները։ Սահմանադրական դատարանի անդամները շարունակելու են իրենց գործունեությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններին համապատասխան, այսինքն նույնիսկ կասկածի ենթակա չէ այդ կարգավորումը։ Ամփոփելով հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած նկատառումները, հույս ունեմ, որ մեր իշխանությունները սա որպես հիմք կընդունեն՝ իրենց քայլերն ավելի պատասխանատու եւ կշռադատված անելու համար, քանի որ իրենք իշխանություն են, ունեն հստակ ձեւավորված գործառույթների եւ պարտականությունների շրջանակներ, որոնցով պարտավորված են առաջնորդվել, տուրք չտալ զգացմունքայնությանն ու անձնական շահերին՝ առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը