15 07 2019

Վենետիկի հանձնաժողովը և Քոչարյանի անհեթեթ կալանավորումը. Top-news.am

Վենետիկի հանձնաժողովը և Քոչարյանի անհեթեթ կալանավորումը. Top-news.am

Top-news.am-ը գրում է.  «Ուզենք, թե չուզենք, բայց փաստ է, որ Վենետիկի հանձնաժողովի Հայաստանին վերաբերող փաստաթղթի մեխը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցն է եւ դրա շուրջն ընթացող իրադարձությունները:

Ուշադրություն դարձնենք հրապարակված փաստաթղթի հետեւյալ հատվածին.

«Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, կոչ արեց իր կողմնակիցներին արգելափակել դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատարական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն պնդեց , որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»:

Եթե բացենք փակագծերը, մի կողմ դնենք դիվանագիտական լեզուն, ապա Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ պրն Փաշինյան մենք հասկանում ենք, որ դուք դատավորներին ուզում եք վեթինգի ենթարկել դատական իշխանությունը բացառապես ձեզ ենթարկելու եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելու համար: Այսքանը:

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած փաստաթուղթը եւս մեկ անգամ հուշում է, որ Ռոբերտ Քոչարյանը ժամ առաջ պետք է ազատ արձակվի հանուն արդարադատության, հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի: Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն ուղիղ հարված է ՀՀ իշխանությունների եւ Հայաստանի հեղինակությանն ու շահերին:

Ավելին, Վենետիկի հանձնաժողովը նաեւ շատ թափանցիկ ասում է, որ Սահմանադրական դատարանի շուրջն առաջացած աղմուկը եւ Վահե Գրիգորյանի շահարկումը նույնպես մեկ նպատակ են հետապնդում՝ ազատությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին:

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործը պայթեց, նրա դեմ իրականացվող հետապնդումը դատապարտեց միջազգային հանրությունը: Մնում է Նիկոլ Փաշինյանը հետեւություններ անի եւ համապատասխան որոշում կայացնի նրանց նկատմամբ, ովքեր իրեն խորհուրդ տվեցին սարքել այս կրկեսը՝ քաղաքական հետապնդման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահին եւ դատական իշխանությունը փորձել դարձնել մեկ մարդուն կից կառույց»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ